Քաղաքական գործիչների հետապնդումներն ուղեկցվում են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներով. խոսքի ազատությամբ զբաղվող կառույցների մեծ մասը լուռ է․ «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ն գրում է․ «Ընտրություններից առաջ և հետո ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ ճնշումներն ուղեկցվում են նաև լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներով ու հետապնդումներով։ Գործը հասել է ոչ միայն լրատվամիջոցներում խուզարկությունների, տեխնիկայի առգրավման, այլ նաև, առանձին դեպքերում, լրատվամիջոցների գործունեության դադարեցման։
«AntiFake.am» կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ 2025 թվականի նոյեմբերի 13-ին AntiFake.am-ի խմբագրությունում իրականացված խուզարկությունից և տեխնիկայի առգրավումից հետո միայն 2026 թվականի գարնան կեսերին քննչական մարմիններից հնարավոր եղավ հետ ստանալ տեխնիկայի մի մասը, օրինակ՝ համակարգիչները։ Տեխնիկայի մի մասը դեռ առգրավված է. խոսքը կրիչների, հիշողության քարտերի մասին է, ինչպես նաև խմբագրության DVR-ը դեռ իրենց մոտ է։
«Արդյունքում խմբագրության անվտանգության տեսախցիկները չեն գործում, այսինքն՝ գրասենյակն ունի անվտանգության խնդիր։ Բացի այդ՝ չիպերը, ֆլեշկաները, դիսկերը, այսինքն՝ ամբողջ արխիվը, որ կուտակվել է տարիների ընթացքում, դեռ իրենց ձեռքին է։ Արդյունքում մեր արխիվների հետ աշխատանքի դժվարություններ ունենք։
Հատկանշական է, որ բոլոր քննչական գործողությունները կատարվել էին Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի՝ խուլիգանության հանցակազմով հարուցված քրեական գործի շրջանակում, որն այս պահին դեռ դատարանում է։ Առանձնացված վարույթով, որի շրջանակում էլ պահել էին կրիչները, դեռ որևէ տեղաշարժ չկա»։
Նա նաև նշեց, որ ունեն վիճակագրություն, ըստ որի՝ «Իմնեմնիմ»-ի գոյության երեք տարիների ընթացքում մեկուկես տարի հաղորդման հեղինակները՝ Սաղաթելյանն ու Սամսոնյանը, այն չեն վարել։
«Սա խոսում է ՀՀ-ում ժողովրդավարության մակարդակի, խոսքի ազատության նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի մասին։ Ազատ խոսքն այս երկրում տեղ չունի»,- նշեց Մաթևոսյանը։
Արդեն ավելի քան մեկուկես ամիս է՝ կապարակնքված է նաև «Արմատ մեդիա»-ի խմբագրությունը, գույքը, իսկ լրագրողների անձնական հեռախոսահամարները շարունակում են առգրավված մնալ, չնայած նրան, որ դատարանը լրատվամիջոցի խուզարկությունը ճանաչել է անօրինական՝ միաժամանակ արձանագրելով նաև Ալիկ Ալեքսանյանի իրավունքների խախտումները։
Լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Նալլի Ավետիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ տեխնիկան տանելու և խմբագրությունը կապարակնքելու հետևանքով անձնակազմը հիմնականում տանից է աշխատում՝ անձնական տեխնիկայով։
«Քանի որ լրագրողների հեռախոսները ևս վերցրել էին, ինչ-որ փուլում մենք նույնիսկ միմյանց հետ կապի հնարավորություն չունեինք։
Այս ամենը տեղի ունեցավ ընտրություններից երկու օր առաջ։ Արդյունքում մեր խմբագրության աշխատանքները պարզապես կաթվածահար էին եղել։
Ընտրությունների ընթացքում մենք չենք կարողացել աշխատել այնպես, ինչպես նախատեսել էինք, որովհետև չունեինք տեխնիկա, չունեինք կապի միջոց։ Անգամ միմյանց հետ չէինք կարողանում շփվել, որովհետև բոլոր կոնտակտները հեռախոսների մեջ էին, իսկ մեր անձնակազմի հեռախոսները հավաքել և տարել էին։ Այդ տեսանկյունից մեր աշխատանքը շատ բարդ ստացվեց։
Դատարանի որոշումից հետո հույս ունենք, որ շուտով կվերադարձնենք մեր տեխնիկան և խմբագրությունը»։
Ավետիսյանի դիտարկմամբ՝ խոսքի ազատությամբ զբաղվող կազմակերպություններից որևէ մեկը չի արձագանքել լրատվամիջոցի նկատմամբ, իր բնութագրմամբ, ապօրինի գործողություններին։
«Աշոտ Մելիքյանը միայն ասաց, որ ուշի ուշով հետևում է գործընթացներին, սակայն որևէ հայտարարություն չեմ տեսել, թե այդ «ուշի ուշով»-ն ինչ վերջնարդյունք ունեցավ։ Դեռ պարզ չէ, չգիտեմ՝ արդեն հասկացե՞լ է, թե ինչ է կատարվում։ Միայն Ժուռնալիստների միությունն է դատապարտող հայտարարություն տարածել»,- ասաց Ավետիսյանը։
Խնդիրն առավել բարդ է «7or.am» լրատվական կայքի դեպքում։ 2026 թվականի մայիսի 22-ին Քննչական կոմիտեի ներկայացուցիչները, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ, խուզարկություններ իրականացրին «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, Անդրանիկ Թևանյանի բնակարանում, ավտոտնակում և մեքենայում, ինչի արդյունքում, ի թիվս այլնի, առգրավվել են նաև «7or.am» լրատվավերլուծական կայքի տեխնիկական միջոցները։ Արդյունքում այդ օրվանից սկսած կայքի հասանելիությունը կորել է։
«Մահակ» փոդքաստի հեղինակ և վարող Դերենիկ Մալխասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կայքի տեխնիկան առգրավվելուց հետո դիմել են թե՛ Մարդու իրավունքների պաշտպանին, թե՛ քննչական մարմիններին, որպեսզի վերադարձնեն կայքի անխափան աշխատանքն ապահովող սարքերը, սակայն մինչ այժմ որևէ արձագանք չեն ստացել։
«Միակ կազմակերպությունը, որ արձագանքեց, Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան էր՝ հայտարարությամբ։ Որևէ այլ հայտարարություն ես չեմ տեսել։
Այն կազմակերպությունները, որոնք տարիներ շարունակ հանրության «գլուխն էին արդուկում» ժողովրդավարության, ազատ խոսքի, լրատվամիջոցների ազատության, լրագրողների անկախության մասին, այսօր ոչինչ չեն խոսում այս թեմայով»»։
Աղբյուր՝ «Փաստինֆո»