«Որոշ շրջանակների՝ «Իմնեմնիմի» փոդքասթի համակիրների հետ հանդիպման շուրջ գրառումներն էժանագին մանիպուլյացիաներ էին»․ Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ փոխնախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սերժ Սարգսյանի՝ «Իմնեմնիմի» փոդքասթի համակիրների հետ հանդիպման շուրջ տարածված գրառումները քաղաքական գնահատական չէին։ Դրանք էժանագին մանիպուլյացիաներ էին՝ ուղղված հասարակության մոտ կեղծ տպավորություն ստեղծելուն։
Այդ շրջանակներն ընդամենը փորձում են սեփական տերերի քաղաքական անզորությունը թաքցնել կոպիտ ձևակերպումների, ցածրակարգ ակնարկների և պատվերով կառուցված քարոզչական հնարքների հետևում։
Չստացված փորձ արեցին հանդիպումը ներկայացնել որպես «մեկուսացման» նշան։ Փորձեցին նախագահի համակիր քաղաքացիներին դարձնել հեգնանքի առարկա։ Բայց հաջորդ օրը, երբ Սերժ Սարգսյանը հանդիպեց ԵԺԿ ղեկավար կազմի հետ, նույն շրջանակների լռությունն ամեն ինչ ասաց նրանց փոխարեն։
Այդ լռությունը պատահական չէր։ Դա այն սուբյեկտների լռությունն էր, որոնց խոսքը ծնվում է ոչ թե համոզմունքից, այլ հանձնարարությունից։ Երբ պետք է մանիպուլյացիա անել՝ գրում են։ Երբ փաստերը բացահայտում են իրենց կեղծ թեզերը՝ լռում են։
Սերժ Սարգսյանի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին արժանապատիվ մարդ է՝ անկախ պաշտոնից, կարգավիճակից կամ քաղաքական դիրքից։ Նրա համար կարևոր է ոչ միայն ԵԺԿ գլխավոր քարտուղարի կամ այլ բարձրաստիճան քաղաքական ու պետական գործիչների հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվում են կարևորագույն տարածաշրջանային, ներհայաստանյան և արտաքին քաղաքական հարցեր, այլև իր համակիրների հետ ուղիղ, պարզ խոսակցությունը։
Հենց սա է պետական գործչի և պատվերով աղմկողների տարբերությունը։ Մեկը մարդկանց հետ խոսում է որպես իր համաքաղաքացիների, մյուսները մարդկանց արժևորում են միայն այն ժամանակ, երբ այդ մարդկանցից ունենում են շահ։
Հ.Գ. Այս գրառմամբ ես պարզապես ուզում եմ մեկ անգամ ևս արձանագրել այն ցածրակարգ «պրիյոմները», որոնց տակ մշտապես մնում եք դուք՝ այդ նույն «պրիյոմները» կիրառողներդ։ Թե չէ շատ լավ գիտեմ, որ նման տեքստեր գրողները և դրանց համար գումար տվողները, միևնույն է, իմ ասածը չեն հասկանալու»։
Աղբյուր՝ AntiFake.am