Բեռնում...
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդականին բանտից տուն են ուղարկել․ «Ժողովուրդ»
11-09-2026 12:38 | Մամուլի տեսություն

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդականին բանտից տուն են ուղարկել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական Արշակ Օրդուխանյանը կալանավորված էր, սակայն այժմ կալանքը կրում է տանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Օրդուխանյանը կալանավորվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և հափշտակության գործերով։

ArmLur.am-ը դիմել էր ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանի վերաբերյալ ինչ քրեական վարույթ է քննվում ՀՀ քննչական կոմիտեում և ինչ կարգավիճակ ունի նա։

Ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին. «Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»։

Նշենք, որ Արշակ Օրդուխանյանը, որը, ըստ հերթականության, 2025 թվականին պետք է փոխարիներ մանդատը վայր դրած ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին, անցնում է նաև մեկ այլ քրեական գործով, որն արդեն դատարանում է։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ Օրդուխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խմբի կազմում իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելով ու օգտագործելով, կազմակերպել է անօրինական միգրացիա։

Նկատենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Արշակ Օրդուխանյանը 2021 թվականի նոյեմբերին նշանակվել է այն ժամանակվա փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական։

Բացի այդ, 2022 թվականի մարտի 14-ից մինչ օրս նա ՊՆ-ին տարբեր ծառայություններ մատուցող «Զինառ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Օրդուխանյանը նաև «Արշակ և Լուսինե» ՍՊԸ-ի հիմնադիրն է։

Նրա անունը նախկինում ևս հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես, 2009 թվականին նա Արգավանդում խաղատուն բացելու լիցենզիա է ստացել, ինչպես նաև ունեցել է գրավատուն և զբաղվել այլ բիզնես գործունեությամբ»։