«Տղանե՛ր և աղջիկնե՛ր, հայոց պատմությունը չի սկսվում 2018-ից, և Հայաստանի ձեռքբերումները չեն դառնում ավելի փոքր միայն այն պատճառով, որ այսօր ինչ-որ մեկը որոշել է դրանք փոքր ներկայացնել». Արմեն Հովասափյան
Արմեն Հովասափյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ 2018–2025 թվականներին Հայաստանում կապիտալ ներդրումների ծավալը գերազանցել է Խորհրդային Հայաստանի «վերջին ամենաակտիվ շրջանի»՝ 1981–1988 թվականների ցուցանիշը։
Իրականում Փաշինյանի հայտարարության մեջ ամենակարևորն անգամ այն չէ, թե 2018–2025 թվականների կապիտալ ներդրումների գումարը մեծ է, թե փոքր՝ 1981–1988 թվականների համեմատ։ Խնդիրն այն է, թե ինչ քաղաքական եզրակացություն է նա փորձում ստանալ այդ թվից։
Ըստ ամենայնի՝ նա փորձում է հասարակությանը համոզել, որ խորհրդային Հայաստանի մասին մարդկանց հիշողությունը պարզապես նոստալգիա է, իսկ այսօր մենք ապրում ենք անհամեմատ ավելի զարգացած, ապահով ու բարեկեցիկ իրականության մեջ։
Իսկ իրականում արժե հիշել՝ ինչ էր իրենից ներկայացնում 80-ականների Հայաստանը։
Այդ տարիներին Հայաստանում կառուցվում ու զարգացվում էին խոշոր արդյունաբերական և ենթակառուցվածքային օբյեկտներ։ Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը գործարկվեց 1980-ին, շարունակվում էր Երևանի մետրոպոլիտենի կառուցումը, զարգանում էին «Նաիրիտի», էլեկտրոնիկայի, մեքենաշինության, քիմիական արդյունաբերության և այլ խոշոր արտադրությունների հզորությունները։ Միաժամանակ ընդլայնվում էին բնակարանաշինությունը, էներգետիկան, քաղաքային ու տրանսպորտային ենթակառուցվածքները։
Բայց նույնիսկ սա ամբողջ պատկերը չէ։ 80-ականների Հայաստանը ուներ լուրջ գիտատեխնիկական ներուժ՝ գիտահետազոտական ինստիտուտներ, ուժեղ մաթեմատիկական և ֆիզիկական դպրոցներ, էլեկտրոնիկա, համակարգչային տեխնոլոգիաներ, ինժեներական մասնագիտություններ։ Հայաստանը Խորհրդային Միության ներսում պարզապես պատրաստի արտադրանք ստացող հանրապետություն չէր. այստեղ ստեղծվում էին գիտություն, տեխնոլոգիա և արտադրական կարողություններ։
Հետևաբար կապիտալ ներդրումների մասին խոսելիս միայն գումարի չափը համեմատելը ոչինչ չի ասում։ Պետք է հարցնել՝ այդ ներդրումները ինչի վերածվեցին։
Փաշինյանն այսօր վերցնում է ներդրումների մի ցուցանիշ, համեմատում երկու տարբեր ժամանակաշրջաններ և փորձում դրանից ստանալ շատ ավելի մեծ եզրակացություն՝ եթե այսօր ներդրումների թիվը մեծ է, ուրեմն այսօր էլ ավելի լավ ենք ապրում։
Սա ոչ թե տնտեսագիտություն է, այլ դասական բելֆն՝ թվի միջոցով իրականությունը մեծացնելու և անցյալը փոքրացնելու փորձ։
Որովհետև եթե ուզում ես ապացուցել, որ այսօր Հայաստանն ավելի զարգացած ու բարեկեցիկ է, պետք է համեմատել ոչ միայն ներդրումների ծավալը, այլ դրանց արդյունքը՝ արդյունաբերական հզորությունները, էներգետիկան, գիտությունը, արտադրությունը, ենթակառուցվածքները, մարդկանց կենսամակարդակը և, իհարկե, երկրի անվտանգությունը։
Եվ այստեղ է Փաշինյանի թեզի քաղաքական բաղադրիչը։ Նա առաջին անգամ չէ, որ փորձում է այս մեթոդով աշխատել։ Իր քաղաքական խոսույթում անցյալի Հայաստանի ձեռքբերումները հաճախ պետք է նախ փոքրացնել, արժեզրկել կամ կասկածի տակ դնել, որպեսզի ներկան հնարավոր լինի ներկայացնել որպես բացառիկ առաջընթաց։
Սա հստակ քաղաքական գիծ է՝ ստվեր գցել այն Հայաստանի վրա, որն ունեցել է ձեռքբերումներ, արդյունաբերություն, գիտություն, մշակույթ, ուժեղ մասնագիտական դպրոցներ և պետական մտածողություն, որպեսզի հասարակությանը համոզեն, թե իրական պատմությունը սկսվում է իրենցից։
80-ականների Հայաստանը իդեալականացնելու որևէ պատճառ չկա։ Խորհրդային համակարգն ուներ բազմաթիվ լուրջ խնդիրներ, սահմանափակումներ և հակասություններ։ Բայց այդ ամենը չի նշանակում, որ կարելի է ջնջել այդ ժամանակաշրջանի իրական ձեռքբերումները և դրանք փոխարինել մեկ հարմար թվով։
Փաշինյանի խնդիրը հենց այստեղ է։ Նա ոչ միայն փորձում է ապացուցել, որ այսօր ավելի շատ ներդրում կա։ Նա փորձում է այդ թվից ստանալ քաղաքական լեգիտիմության լրացուցիչ փաստարկ՝ «մենք ավելի լավ ենք կառուցում, ուրեմն մենք ավելի լավ Հայաստան ենք ստեղծել»։ Իսկ սա փաստ չէ, այլ քաղաքական պատմություն, որը կառուցվում է փաստերի ընտրովի օգտագործման վրա։
Եվ հերթական անգամ թիրախում ոչ միայն անցյալի իշխանություններն են կամ խորհրդային համակարգը, այլ մեր բոլորի հավաքական հիշողությունը, այն ամենը, ինչ հայաստանցիների մի քանի սերունդ ստեղծել, կառուցել ու ձեռք է բերել։
Այդ ձեռքբերումների վրա հերթական ստվերը գցելով՝ Փաշինյանը փորձում է իր ներկան ավելի լուսավոր երևացնել։
Տղանե՛ր և աղջիկնե՛ր, հայոց պատմությունը չի սկսվում 2018-ից, և Հայաստանի ձեռքբերումները չեն դառնում ավելի փոքր միայն այն պատճառով, որ այսօր ինչ-որ մեկը որոշել է դրանք փոքր ներկայացնել»:
Աղբյուր՝ AntiFake.am