Բեռնում...
Աննա Գրիգորյանը կա՛մ հակասում է Ռոբերտ Քոչարյանին, կա՛մ ինչ-որ անտեսանելի փոփոխություն է տեղի ունեցել. Հենրիխ Դանիելյան
02-11-2026 19:40 | Կարծիք

Աննա Գրիգորյանը կա՛մ հակասում է Ռոբերտ Քոչարյանին, կա՛մ ինչ-որ անտեսանելի փոփոխություն է տեղի ունեցել. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ Սերժ Սարգսյանն ասում էր, որ այս իշխանության հետ ընտրությունների գնալու փոխարեն պետք է իրականացնել անվստահության՝ իմպիչմենտի գործընթացը, Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմը պնդում էին հակառակը՝ կարելի է Նիկոլ Փաշինյանի հետ գնալ ընտրությունների և հաղթել։

Նրանք ամիսներ շարունակ տորպեդահարում էին իմպիչմենտի գործընթացը, ապա բացահայտ խոսում դրա դեմ։ Եվ միայն այն ժամանակ, երբ գործընթացն արդեն անիմաստ էր դարձել, իսկ ընդդիմությունը, իրենց իսկ բնորոշմամբ, «տարանջատված» էր նաև իրենց գործողությունների հետևանքով, հայտարարեցին, որ իրենց ձայները կտան Փաշինյանի դեմ։

Դրանից հետո նրանք գնացին ընտրությունների և պարտվեցին Նիկոլ Փաշինյանին՝ հնարավորություն տալով նրան կրկին վերարտադրվել իշխանության մեջ։

Իսկ այսօր Քոչարյանի թիմակից, «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն ասում է, որ միամիտ կլիներ, եթե կարծեր, թե վարչական ռեսուրսի նման կիրառման և անարդար մթնոլորտի պայմաններում հնարավոր են արդար ընտրություններ։

Հիմա ստացվում է՝ Աննա Գրիգորյանը կա՛մ հակասում է Ռոբերտ Քոչարյանին, կա՛մ ինչ-որ անտեսանելի փոփոխություն է տեղի ունեցել, որը միայն ինքն է նկատել։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը, որի հետ նրանք գնացին ընտրությունների, կարծես նույնն է, և նրա մոտեցումներն էլ չեն փոխվել։

Այդ դեպքում ի՞նչ է փոխվել։ Ինչո՞ւ է հիմա նրա կազմակերպած հանրաքվեին մասնակցելն անթույլատրելի՝ այն պատճառաբանությամբ, թե նա կեղծիքների է դիմելու։

Հարց է առաջանում՝ Աննա Գրիգորյանն այս մտահոգությունը հայտնե՞լ էր Ռոբերտ Քոչարյանին։ Եթե այո, ապա ինչո՞ւ ընդգրկվեց նախընտրական ցուցակում և մասնակցեց ընտրություններին, որոնցում, իր այսօրվա խոսքի տրամաբանությամբ, պարտությունը կանխորոշված էր դեռ նախապես։ Իսկ եթե այդ մտահոգությունն այն ժամանակ չուներ, ապա ի՞նչ է փոխվել ընտրություններից հետո։

Ե՞րբ և ինչպե՞ս իրենց համար այդքան «արդար» Նիկոլ Փաշինյանը, որին, ըստ Ռոբերտ Քոչարյանի, հնարավոր էր հաղթել ընտրություններում, դարձավ մեկը, որի կազմակերպած քվեարկությանը մասնակցելն արդեն անընդունելի է։

Ըստ էության՝ գործ ունենք երկակի ստանդարտների հետ, երբ քաղաքական գործիչներն առաջնորդվում են ոչ թե գաղափարական սկզբունքներով, այլ քաղաքական նպատակահարմարությամբ՝ ամիսների տարբերությամբ նույն իրավիճակը մեկնաբանելով իրարամերժ ձևերով։ Մինչդեռ չեն փոխվել ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նրա մոտեցումները, ո՛չ էլ ուժային կառույցների աշխատանքի տրամաբանությունը»։

Աղբյուր՝ AntiFake.am