Բեռնում...
Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին անօրինական կերպով մուտք գործել Եվրամիություն. Ուրսուլա Ֆոն դեր Լեյեն
31-07-2026 23:44 | Լուրեր

Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին անօրինական կերպով մուտք գործել Եվրամիություն. Ուրսուլա Ֆոն դեր Լեյեն

«Սեուտայից ստացվող պատկերներն անընդունելի են։ Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին գալ մեր Միություն՝ առանց մեր կանոնները պահպանելու»,- X-ում կատարած գրառմամբ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ անդրադառնալով Իսպանիայի Սեուտա անկլավում ստեղծված միգրացիոն ճգնաժամին։

Նրա խոսքով՝ վտանգավոր անցումները պետք է անհապաղ դադարեցվեն, մաքսանենգության ցանցերը պետք է քանդվեն, իսկ վերադարձները պետք է լինեն արագ, ինչպես թույլ են տալիս կանոնները։

Ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ իրավիճակի վերահսկմանն աջակցելու նպատակով հանձնարարական է տվել երկու եվրահանձնակատարների։ Նրա խոսքով՝ Մագնուս Բրուններն արդեն սերտորեն համագործակցում է Իսպանիայի հետ և պատրաստ է մեկնել կարևորագույն կետեր։

«Նա կաշխատի Իսպանիային տրամադրվող լրացուցիչ օպերատիվ աջակցության վրա, այդ թվում՝ Frontex-ի միջոցով»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Ֆոն դեր Լեյենը նաև տեղեկացրել է, որ Դուբրավկա Շուիցան կապի մեջ է իր մարոկկացի գործընկերոջ հետ՝ իրավիճակի շուրջ համագործակցությունը շարունակելու նպատակով։

«Վստահ եմ, որ Մարոկկոյի հետ մեր սերտ գործընկերությունը կօգնի կոնկրետ արդյունքների հասնել»,- եզրափակել է նա։

Սեուտայում ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, որը կոչ է արել Եվրամիությանը քննարկել Իսպանիայի Շենգենյան համագործակցությունից կասեցման հարցը։

TV2-ի մեջբերած գրավոր հայտարարության մեջ Ֆրեդերիկսենը նշել է, որ «ԵՄ-ն պետք է անհապաղ ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը և քննարկի բոլոր տարբերակները, այդ թվում՝ Շենգենյան համագործակցության կասեցումը»՝ 2015 թվականի միգրացիոն ճգնաժամի կրկնությունից խուսափելու համար։

«Անվերահսկելի ներգաղթը սպառնալիք է Եվրոպայի և Դանիայի համար»,- ասել է Դանիայի վարչապետը։

Բելգիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն, իր հերթին, ավելի համերաշխության շեշտադրում ունեցող հայտարարությամբ նշել է, որ «երբ անդամ պետությունը ճնշման տակ է հայտնվում, դա եվրոպական խնդիր է, այլ ոչ թե զուտ իսպանական»։

X-ում հրապարակված գրառման մեջ նա նշել է, որ Բելգիան ուշադիր հետևում է Սեուտայում տիրող իրավիճակին։

«Այսպիսի ժամանակներում Իսպանիան պետք է ապահովի իր սահմանների պաշտպանությունը և կարողանա հույսը դնել ինչպես եվրոպական, այնպես էլ Մարոկկոյի իշխանությունների ներգրավվածության վրա»,-գրել է նա։

Պրևոյի խոսքով՝ Եվրոպայի արտաքին սահմանների պաշտպանությունը շարունակում է մնալ Բելգիայի կառավարության առաջնահերթությունը։

«Սահմանների վերահսկողությունը, անօրինական միգրանտների նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրելը և մարդկանց անօրինական փոխադրումների բիզնես մոդելի վերացումը չի հակասում մարդասիրական մոտեցմանը. դա դրա նախապայմանն է»,- ընդգծել է նա։

Սեուտայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Եվրոպական Միության արտաքին սահմանների պաշտպանությունը կարևորագույն նշանակություն ունի անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար։ Ես հստակ սպասում եմ, որ ԵՄ բոլոր անդամ պետությունները կկատարեն այս պարտավորությունը։ Մենք կապի մեջ ենք Իսպանիայի կառավարության հետ այս հարցի շուրջ»,- նշել է Մերցը։

Նա հավելել է, որ Իսպանիան ցանկանում է և պետք է հնարավորինս արագ վերահսկողության տակ վերցնի Սեուտայում ստեղծված իրավիճակը։

«Հետևաբար, ես ողջունում եմ Իսպանիայի մտադրությունը՝ թույլ չտալ անօրինական միգրանտներին մուտք գործել Եվրոպա»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը։

Ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին X-ում նա գրել է.«Սեուտայից ստացված պատկերները ցնցող են և ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ անվերահսկելի անօրինական ներգաղթը իրական սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի սահմանների անվտանգության համար»։ Նա խոսել է նաև Շենգենյան գոտու կասեցման մասին։