Բեռնում...
Տողեր՝ էությունը կորցրած հայի մասին. Գրիգորի Պողոսյան
19-09-2026 22:03 | Կարծիք

Տողեր՝ էությունը կորցրած հայի մասին. Գրիգորի Պողոսյան

Արդարադատության առաջին դասի խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազության վարչության նախկին պետ, իրավագիտության թեկնածու, փաստաբան Գրիգորի Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեք տարի առաջ այս օրն սկսվեց մեր վերջին մարտը, մեր վերջին պատերազմը, որի արդյունքում մենք վերջնականորեն կորցրեցինք մեր ազգային կերպարն ու էությունը։ Ստորև ներկայացվող տողերն այդ էությունը կորցրած հայի մասին են։ Այդ մտքերը ոչ այնքան «ալիևի կոլխոզ» հիշեցնող այս դրածոների իշխանության ներկայացուցիչների մասին է, քանզի սրանք առհասարակ չեն ունեցել ազգային կամ նույնիսկ մարդկային էություն, այլ այն դեմքը կորցրած հայի, որ հողի կռվի փոխարեն, փողի կռիվ է տալիս։ Այդ Գաղջ հայն է մեր ողբերգության սկզբնաղբյուրը։ Դա այն հայն է, որ շշուկով անիծում է նիկոլին, բայց որի բիզնեսի հենասյունը հենց նիկոլն է, թուրքը, ազերական վառելիքն ու նարշարաբը (Վրաստանից ներմուծած): Նա է, որ երազում է, որ նիկոլն անգերեզման մնա, բայց հիմա չէ։ Հիմա իր բիզնեսին նիկոլը պետք է։ Նա, ով լռեց, երբ պետք էր գոռալ, մարեց, երբ պետք էր պայթել…

***

ՆԶՈՎՔ

Ահա հասնում ես վերջին կանգառին,

Առջևում անդունդ, հորատ դիվական։

Մի երախ՝ գամված արնոտ պատառին

Գունատ տեսիլք է, չկա տեսլական։

Վերջին հրաժեշտ խենթ կառապանին,

Մի վերջին համբույր ձիերին սևաչ։

Հայացքդ հառած բորբ խառնարանին,

Ափիդ մեջ սեղմած մի արնոտ կակաչ։

Եվ ատելության անսանձ հեղեղը

Քշում է տանում հոգիդ դալկացած

Դեպի հրաբխի անկուշտ խորքերը,

Դեպի գեհենը՝ ամոթից շիկնած։

Անգամ գեհենը չի կարող մարսել

Բազում մեղքերիդ թույնը անիծված։

Հրե ժայթքումով ջանում է փսխել

Նողկանքի աղբյուր հոգիդ հղփացած։

Դու մեղավոր չես, նրանք են տերը

Այս անհագ քաղցի, ոսկու ծարավի,

Որ խենթ քնքշանքի անհաս լեռները

Մի զարկով դարձրին անդունդներ ցավի։

Դու դեռ մեռած չես և քայլում ես դեռ՝

Հոգուդ լաթերը գետնին քարշ տալով։

Շուրջդ հոսում են սև արյան գետեր,

Ոռնում է սիրտդ՝ տենդագին լալով։

Ունայնությունն է գաղջ սրտիդ գինին,

Նզովքն է մարմնիդ նեխած պատառը։

Սառած հայացքդ դժոխքի ճամփին,

Չի փոխվի նամշած հոգուդ աստառը։

Գ.Ա.Պողոսյան

19.09.2026»: