Բեռնում...
ՌԴ-ն և Ուկրաինան պայմանավորվել են գերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11-11-2026 22:52 | Լուրեր

ՌԴ-ն և Ուկրաինան պայմանավորվել են գերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների լայնածավալ փոխանակման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին՝ Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների արդյունքներով, հաղորդում է ТАСС գործակալությունը։

Նրա խոսքով՝ փոխանակման պարամետրերը կհրապարակվեն առաջիկայում։

Մեդինսկին նշել է, որ բանակցությունների կենտրոնական թեման Եվրոպայի անվտանգության համակարգն էր, և որոշ հարցերի շուրջ կողմերին հաջողվել է փոխըմբռնման հասնել։

Նրա խոսքով՝ ուկրաինական հակամարտությունը ցույց է տվել, որ Եվրոպայում անվտանգության գործող համակարգը շատ վատ է գործում, և այն ամբողջությամբ վերանայման կարիք ունի։

«Եվրոպայում անվտանգության համակարգը պետք է ամբողջությամբ բուժել, միայն վիրակապով հարցը չի լուծվի»,- ասել է նա՝ ընդգծելով, որ անվտանգության նոր համակարգը պետք է լինի արդար և չվնասի այլ երկրներին։

Մեդինսկին նաև քննադատել է եվրոպական երկրներին՝ պնդելով, որ նրանք նպաստում են խաղաղ բնակչության զանգվածային զոհերին և զբաղվում ուկրաինացի ժողովրդի խաբեությամբ։

Նա նշել է, որ Աբու Դաբիում եվրոպացի ներկայացուցիչների հետ շփումներ չեն եղել, իսկ նրանց կարգավիճակն այնտեղ հստակ չէ։

Ռուսաստանի պատվիրակության ղեկավարի խոսքով՝ Մոսկվան չի հասկանում, թե ինչի մասին պետք է խոսի Եվրոպայի հետ, քանի որ վերջինս որևէ առաջարկ չի ներկայացրել։

Միաժամանակ Մեդինսկին դրական է արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացների մասին՝ նրանց անվանելով անկեղծ և արդյունավետ մարդիկ։ Նա նշել է, որ Ռուսաստանը շնորհակալ է ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներին։

«Հենց որ Եվրոպայի խիղճն արթնանա, այն կարող է դառնալ խաղաղ բանակցությունների մասնակից»,- հայտարարել է Մեդինսկին։