Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում նոր Սահմանադրության շուրջ իշխանության ծրագրերը թևակոխում են նոր փուլ։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն հաջորդ շաբաթ իշխանությունը նախատեսում է հանրայնացնել Սահմանադրության նախագիծը, որից հետո այն ներկայացնել հանրային լայն շրջանակներին, կազմակերպել քննարկումներ ու լսումներ, ապա սահմանադրական փոփոխությունների նախագիծը տանել Ազգային ժողով։
Սակայն նոր Սահմանադրության շուրջ քննարկվող դրույթներից մեկը՝ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումն է, որը անգամ իշխանական թիմի ներսում միանշանակ ընդունելության չի արժանացել։
Մեր տեղեկություններով՝ ՔՊ վարչության փակ նիստում, երբ քննարկվել է ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը, իշխանության ներկայացուցիչների մեծամասնությունը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանի պայմաններում նման համակարգի ներդրումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Հիմնական փաստարկն այն է եղել, որ Հայաստանում բոլորը միմյանց ճանաչում են, ունեն տարբեր կապեր, և դժվար է երաշխավորել, որ ատենակալները կկարողանան լիովին անկախ ու անաչառ որոշումներ կայացնել։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը, սակայն, համաձայն չի եղել այդ մտահոգությունների հետ և հակադարձել է՝ նշելով, որ այսօր Քոչարյանն ու Ծառուկյանը կալանքի տակ են հենց ժողովրդի պահանջով, այսինքն՝ արդեն ատենակալների ինստիտուտը գործում է, պարզապես պետք է ինստիտուցիոնալիզացնել։
Փաստորեն, վարչապետի տրամաբանությամբ՝ եթե ժողովուրդն արդեն իսկ իր գնահատականն է տալիս քաղաքական գործիչներին, ապա ինչո՞ւ չպետք է մասնակցի նաև արդարադատության իրականացմանը։
Սակայն այստեղ կա մի էական տարբերություն, որի մասին իշխանությունը կարծես թե չի ցանկանում խոսել։ Քաղաքական գնահատականը դատական վճիռ չէ, իսկ հասարակական դժգոհությունը չի կարող փոխարինել ապացույցներին։ Արդարադատությունը պետք է իրականացվի ոչ թե հանրային տրամադրությունների, այլ օրենքի և ապացույցների հիման վրա։
Ի՞նչ է իրականում ենթադրում ատենակալների ինստիտուտը
Ատենակալների ինստիտուտի ներդրումը նշանակում է, որ որոշակի քրեական գործերի քննությանը կարող են մասնակցել նաև սովորական քաղաքացիներ՝ որպես հանրության ներկայացուցիչներ։ Նրանք դատավարության ընթացքում լսում են մեղադրանքի և պաշտպանության կողմերին, ուսումնասիրում ներկայացված ապացույցները և օրենքով սահմանված կարգով մասնակցում մեղավորության կամ անմեղության վերաբերյալ որոշման կայացմանը։
Աշխարհում այս համակարգի տարբեր մոդելներ կան։ Որոշ երկրներում ատենակալներն առանձին որոշում են մեղավորության հարցը, իսկ պրոֆեսիոնալ դատավորը հետևում է դատավարության օրինականությանը և որոշում պատիժը։ Կամ ատենակալներն ու դատավորը միասին են մասնակցում որոշման կայացմանը։
Հայաստանի դեպքում դեռ պետք է պարզ դառնա, թե որ մոդելն է ընտրվելու, ինչ գործերով են ներգրավվելու ատենակալները, ինչպես են ընտրվելու նրանք և ինչ երաշխիքներ են ունենալու արտաքին ազդեցություններից պաշտպանված լինելու համար։
Իսկ այստեղ ամենակարևոր հարցը Հայաստանի առանձնահատկությունն է։ Փոքր հասարակությունում, որտեղ մարդիկ հաճախ ունեն ընդհանուր ծանոթներ, բարեկամական, գործնական կամ քաղաքական կապեր, աղմկահարույց քրեական գործերով անաչառ ատենակալներ ընտրելը կարող է հեշտ գործ չլինել։ Պատկերացնենք՝ ատենակալների առջև է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի, խոշոր գործարարի կամ քաղաքական ազդեցիկ գործչի գործը։ Արդյոք հնարավոր կլինի՞ բացառել, որ նրանցից ոմանք արդեն իսկ ունենան ձևավորված կարծիք տվյալ անձի վերաբերյալ։
Ի վերջո, իշխանությունը պատրաստվում է հանրությանը ներկայացնել ոչ միայն սահմանադրական առանձին փոփոխություններ, այլև պետության կառավարման՝ դատական համակարգի շրջադարձային փոփոխություններ, ինչպես նաև ազգային-պետական հիմնարար դրույթների վերաբերյալ նոր մոտեցումներ։ Անկախության հռչակագրին հղումը հանվելու է նոր Սահմանադրությունից»։