Նորաբաց դպրոցում զանգվածային ուշագնացություն․ 5 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց
Արարատի մարզի Այգեստան գյուղի նորաբաց դպրոցում այսօր՝ ֆիզկուլտուրայի դասաժամի ընթացքում, 5 աշակերտ ուշագնաց է եղել։
B24.news-ի տեղեկությամբ, երեխաներին շտապօգնության մեքենաներով տեղափոխել են հիվանդանոց։ Հատկանշական է, որ դպրոցի նորակառույց շենքը շահագործման է հանձնվել ընդամենը նախօրեին։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ միջադեպից հետո դպրոց են ժամանել ոստիկանության և տեսչական մարմնի աշխատակիցներ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Ըստ նույն աղբյուրի՝ շուրջ 6 ժամ ուսուցիչներն ու բնակիչները տեղեկություն չեն ունեցել, թե ինչով է պայմանավորված երեխաների ինքնազգացողության կտրուկ վատացումը։
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանի մեկնաբանությամբ՝ երեխաները տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն բավարար առողջական վիճակով և մոտ մեկ ժամ անց դուրս են գրվել։ Նախնական վարկածով՝ երեխաների ինքնազգացողության վատացման պատճառը եղել է ներկի հոտը։
B24.news-ը նաև պնդում է, որ դեպքի մասին պետական գերատեսչությունները՝ Առողջապահության նախարարությունը, ՆԳՆ-ն և ԿԳՄՍ նախարարությունը, օպերատիվ հրապարակային տեղեկություն չեն տարածել։
Աղբյուր՝ B24.news