Բեռնում...
«Կոմիտե 26»-ը դատապարտում է դատական իշխանության կողմից նմանօրինակ քաղաքական որոշումների կայացումը
28-11-2026 23:17 | Լուրեր

«Կոմիտե 26»-ը դատապարտում է դատական իշխանության կողմից նմանօրինակ քաղաքական որոշումների կայացումը

Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց հարցերով հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Մասիս համայնքի ՏԻՄ ընտրություններում համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի ապօրինի դատավճռի և ազատազրկման կապակցությամբ»
Հայաստանում իշխող վարչակազմը բոլոր մեթոդներով կանխում է ՀՀ քաղաքացիների քաղաքական իրավունքների իրացման ցանկացած փորձ: Իշխանության կողմից արդեն որդեգրված պրակտիկա է դարձել ՏԻՄ ընտրություններում առաջադրված համայնքապետի կամ ավագանու ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդումների հարուցումը, քրեական գործերի քննությունն ու վերջիներիս նկատմամբ ապօրինի ազատազրկումները ընտրությունների նախաշեմին կամ անմիջապես ընտրություններից հետո:

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ ապօրինությունների շղթան շարունակվում է արդեն ութ տարի: Նույն գործի շրջանակներում մի քանի անգամ կալանավորելը և արդյունքում մեղադրական դատավճռի հրապարակումը ուղիղ պատճառահետևանքային կապի մեջ են նրա ընդդիմադիր կեցվածքի, իշխող ուժի հետ չհամագործակցելու և հակաիշխանական ակտիվ քաղաքական դիրքորոշման հետ:

Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի հապճեպ որոշումը (40 օրում` բողոքը վարույթ ընդունելու պահից միչև վերջնական որոշման կայացումը) վկայությունն է այն բանի, որ արդարադատության համակարգը զրկված է անկախությունից և ինքնուրույնությունից:

Դատավճիռների ոչ միայն բովանդակությունը, այլ դրանց օրինական ուժի մեջ մտելու ժամանակամիջոցը ընտրվում է գործադիր իշխանության համար «ամենաանհրաժեշտ» պահին:

«Կոմիտե 26»-ը դատապարտում է դատական իշխանության կողմից նմանօրինակ քաղաքական որոշումների կայացումը:

Փաստում ենք, որ Հայաստանը կարիք ունի` իրավունքի գերակայության,
քաղաքական բազմակարծության, ինչպես նաև արդար դատաքննության երաշխիքների հաստատման: Պահանջում ենք դադարեցնել բռնադատությունը որպես քաղաքական գործիքակազմի մաս օգտագործելը և անհապաղ ազատ արձակել Դավիթ Համբարձումյանին:

Կոչ ենք անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ուսումնասիրել և օբյեկտիվ գնահատական տալ բռնաճնշումներին և Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակին։

Նոյեմբեր 28, 2026»:

Աղբյուր՝ AntiFake.am