Որքանո՞վ է նոր կառուցվող կրթական կառույցի երկարաժամկետ կառավարումը արդյունավետ մասնավոր հատվածի կողմից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կառուցել խոշոր կրթահամալիր՝ համագործակցելով Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ։
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է փաստաթուղթը, որի համաձայն՝ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026–2029 թվականներին։ Այն ներառում է հանրակրթական դպրոց, մանկապարտեզ և երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոն։
Նախագծով կրթահամալիրի կառուցման հիմնական ֆինանսական և կազմակերպչական բեռը դրվում է մասնավոր գործընկերոջ՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի վրա։ Վերջինս պետք է իրականացնի ինչպես նախագծման, այնպես էլ շինարարության և հետագա շահագործման հիմնական փուլերը։
Պետությունը, իր հերթին, մասնակցելու է համաֆինանսավորմամբ՝ հիմնականում դպրոցի կառուցման որոշ հատվածների և հետագա շահագործման ծախսերի փոխհատուցման ձևաչափով։
Ըստ նախագծի՝ պետական բյուջեից նախատեսվող փոխհատուցումների ընդհանուր ծավալը կարող է հասնել շուրջ 1,67 միլիարդ դրամի։
Սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ կառույց է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը և ինչ գործունեություն է ծավալում։
Կազմակերպությունը հայկական սփյուռքի ավետարանական (բողոքական) ուղղվածություն ունեցող բարեգործական կառույց է, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում և զբաղվում է կրթական, սոցիալական ու մարդասիրական ծրագրերի իրականացմամբ Հայաստանում և սփյուռքում։ Այն ֆինանսավորվում է հիմնականում սփյուռքահայ անհատ դոնորների, եկեղեցական համայնքների, նվիրատվությունների և բարեգործական հանգանակությունների միջոցով։
Հաշվի առնելով, որ կազմակերպությունն ունի բողոքական ուղղվածություն, որոշ շրջանակներում հարցադրումներ են հնչում՝ կապված դրա ներգրավվածության հետ պետական կրթական համակարգում։ Քննարկումների առարկա է դառնում նաև այն հանգամանքը, որ վերջին շրջանում ակտիվ բանավեճեր են ընթանում Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականության շուրջ։
Այս համատեքստում հարց է առաջանում, թե ինչ տրամաբանությամբ է ընդլայնվում պետական կրթական համակարգի համագործակցությունը կրոնական ուղղվածություն ունեցող կառույցների հետ, և արդյոք դա կարող է առաջացնել արժեքային կամ ինստիտուցիոնալ նոր ռիսկեր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։