Գոշագիտության ու գոշագիտության զարգացմանը նպաստ բերողների մասին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայ գոշագիտությունը սկիզբ է առել 1840-ական թվականներին՝ մեր Հայրենիքից այնքա՜ն հեռու, բայց մեր սրտերին այնքա՜ն մոտիկ Սբ. Ղազար կղզում՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության սուրբ հայրերի գրիչների ներքո։
1870-ական թվականներին գոշագիտության ջահը վերցնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, հետագայում՝ Սբ. Գայանեի վանահայր Վահան ծայրագույն վարդապետ Բաստամյանցը, որը 1880-ին հրատարակում է Հայոց Դատաստանագրքի առաջին համեմատական բնագիրը՝ ծավալուն ծանոթագրություններով ու մեկնություններով հանդերձ։ Կոթողային գործ։
Այնուհետ գոշագիտության զարգացմանը նպաստ են բերում շատ գիտնականներ, որոնցից անգնահատելի է Մատենադարանի գիտաշխատող Խոսրով Թորոսյանի ներդրումը։ 1975-ին նա հրատարակում է Հայոց Դատաստանագրքի երկրորդ համեմատական բնագիրը՝ է՛լ ավելի ծավալուն ծանոթագրություններով ու մեկնություններով հանդերձ։ Նույնպես՝ կոթողային գործ։
Որպես Տեր Վահան վարդապետի ու պրոֆ. Խոսրով Թորոսյանի անգնահատելի աշխատանքի նկատմամբ հարգանքի նշան՝ շատ կուզեի գտնել նրանց լուսանկարները և ցուցադրել հընթացս գրքիս շնորհանդեսին։ Ուրախ կլինեմ, եթե ձեր շնորհիվ կարողանամ։
ՀԳ. Գոշի Հայոց Դատաստանագրքի մասին մենագրությանս վրա աշխատելիս շատ հետաքրքիր «պատահականություններ» են եղել։ Օրինակ՝ ձեռքս է ընկել Ալեքսեյ Սուքիասյանի «Մխիթար Գոշը և Հայոց Դատաստանագիրքը» գրքույկի այն օրինակը, որը հեղինակը նվիրել է Խոսրով Թորոսյանին»:
Աղբյուր՝ AntiFake.am