Բեռնում...
11 անշարժ գույք, 3.5 մլն դրամ կանխիկ․ ինչ ունեցվածք ունի ԱԺ աշխատակազմի նորանշանակ փոխղեկավարը․ «Ժողովուրդ»
13-11-2026 12:47 | Մամուլի տեսություն

11 անշարժ գույք, 3.5 մլն դրամ կանխիկ․ ինչ ունեցվածք ունի ԱԺ աշխատակազմի նորանշանակ փոխղեկավարը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալ Սոնա Սիմոնյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 11 անշարժ գույք, 3 մլն 500 հազար դրամ կանխիկ գումար և 4 մլն 620 հազար 374 դրամ եկամուտ։ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Սոնա Սիմոնյանի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացրած հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ ունեցվածք ունի ԱԺ աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալը։

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2026 թվականի սեպտեմբերի 14-ին։

Անշարժ գույք․

Հայտարարագրի համաձայն՝ Սոնա Սիմոնյանը Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Չիվա և Արենի բնակավայրերում ունի ընդհանուր առմամբ 11 անշարժ գույք, որոնցից 9-ը հողամասեր են, իսկ 2-ը՝ հողամասերի վրա կառուցված անհատական բնակելի տներ՝ իրենց տնտեսական շինություններով։

Բոլոր գույքերի նկատմամբ Սիմոնյանն ունի 1/3 բաժնային սեփականության իրավունք։ Գույքերը ձեռք են բերվել 2024 թվականի օգոստոսի 13-ին և 14-ին։ Հայտարարագրում որպես ձեռքբերման եղանակ նշված է «այլ»։

Տրանսպորտային միջոցներ․

Սոնա Սիմոնյանը հայտարարագրում տրանսպորտային միջոցներ չի նշել։

Դրամական միջոցներ․

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սիմոնյանը բանկային հաշվում ունեցել է 2 հազար 410 դրամ։ Միաժամանակ հայտարարագրել է 3 մլն 500 հազար դրամ կանխիկ գումար։

Բանկային ավանդների, արժեթղթերի, կրիպտոակտիվների և հանձնված փոխառությունների վերաբերյալ տվյալներ հայտարարագրում չկան։

Եկամուտ․

Սոնա Սիմոնյանը հայտարարագրել է ընդհանուր 4 մլն 620 հազար 374 դրամ եկամուտ։

Նշված գումարից 3 մլն 820 հազար 374 դրամը աշխատանքի վարձատրություն է՝ ստացված ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Եվս 200 հազար դրամ նա ստացել է նվիրատվության կամ օգնության կարգով՝ Նունե Սիմոնյանից։

Բացի այդ, 600 հազար դրամի չափով այլ եկամուտ է հայտարարագրել՝ Աշխեն, Արփինե, Մետաքսյա և Նունե Սիմոնյաններից։ Նույն գումարը՝ 600 հազար դրամ, նշված է նաև որպես բնամթերային ձևով ստացված եկամուտ։

Պարտավորություններ․

Հայտարարագրում ստացված վարկերի և փոխառությունների մնացորդների վերաբերյալ տվյալներ չկան։

Այսպիսով, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը ստանձնելու պահին Սոնա Սիմոնյանի հայտարարագրում առկա է 11 անշարժ գույք՝ յուրաքանչյուրի 1/3 բաժնային սեփականությամբ, 3 մլն 500 հազար դրամ կանխիկ գումար և ավելի քան 4.6 մլն դրամ եկամուտ։

Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանի՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո խորհրդարանում սկսվեցին կադրային փոփոխություններ, որոնց արդյունքում աշխատանքից ազատվեցին Ալեն Սիմոնյանի թիմի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարներն ու տեղակալները»։