«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ը պատրաստվում է խզել պայմանագիրը Հայաստանի իշխանությունների հետ` կապված «Հարավկովկասյան երկաթուղի» դուստր կազմակերպության դեմ քրեական գործի և խուզարկությունների հետ

article-image

Այսօր ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերությունը պատրաստվում է խզել Հայաստանի հետ կնքված կոնցեսիոն կառավարման պայմանագիրը: Պատճառը հայկական իշխանությունների կողմից «Հարավկովկասյան երկաթուղի» դուստր ընկերության դեմ հարուցված քրեական գործերն են և խուզարկությունները: Կայքի փոխանցմամբ` տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը:

Մասնավորապես ռուսական RTVI լրատվական կայքը ներկայացնում է, որ 2018թ. օգոստոսից ընկերությունում հարկերի չվճարման կասկածանքով բազմաթիվ խուզարկություններ են կատարվել: Դեկտեմբերին արդեն Քննչական կոմիտեն հայտարարել է, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` առերևույթ չարաշահումներ: Ինչպես նաև, Քննչական կոմիտեն նույն ամսին հայտարարել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում նշանակվել է ստուգում՝ ներդրումների արդյունավետությունը, հափշտակության իրական ծավալը պարզելու համար, բացահայտվել են հանցավոր նոր դրսևորումներ, առաջադրվել մեղադրանքներ:

Լրատվամիջոցի աղբյուրի տվյալների համաձայն` հարուցվել է քրեական յոթ գործ, որոնք միացվել են մեկ ընդհանուր քրեական գործի մեջ: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը մեղադրանքները անհիմն է համարում:

Աղբյուրի փոխանցմամբ` փորձ է արվել խնդիրը լուծել կառավարական մակարդակով: Ռուսաստանի տրանպորտի նախարարությունը բանակցություններ է վարել հայկական նախարարության և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ` առաջարկելով փակել քրեական գործը: Փոխարենը ռուսական կողմը պատրաստ է եղել հավելյալ ներդրումներ կատարել: Ռուսական կողմը նաև առաջարկել է անցկացնել նոր անկախ քննություն, եթե Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն հենց այնպես հրաժարվել իրենց պահանջներից: Սակայն ջանքերը որևէ արդյունք չեն տևել, այդ իսկ պատճառով էլ Մոսկվան ցանկանում է դուրս գալ Հայաստանի հետ կնքված պայմանագրից:

Հիշեցնենք, որ Վանաձորում կայացած իր մամլո ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ռուսական կողմի հետ աշխատանքները շարունակվում են, և որ ռուսական կողմը «ՀԿԵ»–ում իրականացված ստուգումների ոչ բոլոր արդյունքների հետ է համաձայն։

Դեռևս այս տարվա հունվարին` պատասխանելով պատգամավորի հարցին` Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ Հայաստանի երկաթուղու կառավարողին փոխելու հարց չի քննարկվում։ «Մեզ համար գլխավորը երկաթուղու փոխադրումների և հարակից ծառայությունների որակը բարձրացնելն է։ ՀԿԵ ղեկավարության հետ մեր բանակցությունները ծառայում են հենց այդ նպատակին», - ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևը RTVI լրատվականին հայտնել էր. «Հայաստանը այնպիսի իրավիճակ է ստեղծել, որի պայմաններում «ՀԿԵ»-ը չի կարող նորմալ աշխատել. առգրավվել են տասը տարիների փաստաթղթերը, ներկայացվել են չհաստատված մեղադրանքներ, և որևէ երաշխիքներ տրված չեն: Մեր փաստարկները, որ ավելի վաղ կատարված ստուգումները որևէ խախտում չեն հայտնաբերել, և կոնցեսիոն պայմանների կատարման ապացույցները անտեսվում են»: Նա ևս հաստատել է, որ ռուսական կողմը սկսել է լրջորեն մտածել Հայաստանի երկաթուղային կառավարման պայմանագրի վաղաժամկետ լուծման շուրջ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ ճակատագրի են արժանացել «Նոր Հայաստանում» բազմաթիվ ընկերություններ և ներդրումային ծրագրեր, որոնք այս կամ այն կերպ առնչություն են ունեցել ռուսական իշխանությունների հետ` այնքան էլ զարմանալի չի լինի այն հանգամանքը, որը շուտով հայկական իշխանությունները ստիպված կլինեն նոր կազմակերպություններ փնտրել հայկական երկաթուղիները շահագործելու համար:

 

Հեղինակ` Մելինե Հայրապետյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն