Օխլոկրատիա` ժողովրդավարության այլասերում. «Հետհեղափոխական» Հայաստանի իրականությունը. Մաս 1

article-image

Շարունակելով ներկայացնել «հետհեղափոխական» Հայաստանի իրականությունը, պետք է նշել, որ ներկայիս իշխանությունների ոչ կոմպետենտության և անկզբունքայնության հետևանքով տեղ գտած ձախողումների համար պատասխանատվություն պետք է կրեն ոչ միայն իշխանությունները, այլև ընտրությունների ժամանակ այդ իշխանություններին կողմ քվեարկած քաղաքացիները։

Այդպես ժողովրդավարական վարչակարգում, ուր իշխանությունը պատկանում է ժողովրդին, քաղաքացիները պարտավորվում են ոչ միայն մասնակցել ընտրություններին, այլև հետևել կողմ քվեարկած իշխանական ուժի նախընտրական խոստումների իրականացմանը, իսկ իրականացման ձախողման դեպքում պահանջեն պատասխանատվության ենթարկել այդ իշխանական ուժին։ Սակայն եթե իշխանությունների անսկզբունքայնության դեպքում բացակայում է ժողովրդի կողմից պատասխանատվության ենթարկելու պահանջը, ապա ինքնին այդ ժողովուրդը հանդես է գալիս անսկզբունքայնության պաշտպանության դիրքում, ինչը, որպես կանոն, բնորոշ է ամբոխին և հանգեցնում է օխլոկրատական վարչակարգի տարածմանը։

Օխլոկրատիայի տեսական սահմանումը

Օխլոկրատիան քաղաքական կամքի իրականացման ձև է, որտեղ իշխանությունը պատկանում է ամբոխին։ Այս եզրույթն առաջին անգամ օգտագործել է հույն պատմիչ Պոլիբիոսը` «Ընդհանուր պատմություն» աշխատության մեջ՝ պետական կառուցվածքի լավ և վատ ձևերի դասակարգման ժամանակ, ըստ որի՝ պետական կառուցվածքի լավ ձևեր են համարվում միապետությունը, արիստոկրատիան և ժողովրդավարությունը, իսկ վատ ձևերը՝ բռնապետությունը, օլիգարխիան և օխլոկրատիան։ Նմանատիպ դասակարգում առաջարկել է նաև հույն փիլիսոփա Պլատոնը։ Պոլիբիոսից և Պլատոնից բացի օխլոկրատիան փորձել են սահմանել նաև մի շարք այլ տեսաբաններ։ Ըստ հույն պատմիչ Արիստոտելի՝ օխլոկրատիան ժողովրդավարության այլասերված ձևն է։ Արիստոտելն անվանում է ժողովրդավարություն այն, ինչ Պոլիբիոսն անվանում է օխլոկրատիա։ Դա պայմանավորված է նրանով, որ ժողովրդի իշխանություն ասելով` Արիստոտելն ի նկատի ուներ ոչ թե մարդկանց մեծամասնության կամ ամբողջության իշխանությունը, այլև հասարակության ամենաաղքատ և ամենաքիչ կրթված հատվածի (որը սովորաբար գերիշխում է հասարակությունում) իշխանությունը, որին Պոլիբիոսն անվանում է ամբոխի իշխանություն։ Այդպես, օխլոկրատիան առաջանում է իշխանության համար պայքարի ընթացքում, երբ նախկին վարչակարգն արդեն անկում է ապրել, սակայն դեռ չի փոխարինվել նոր վարչակարգով։ Իշխանություն ձեռք բերելու նպատակով ի հայտ է գալիս մի քաղաքական ուժ, որը, ազդելով մարդկանց հուզականության վրա և արհեստականորեն գրգռելով նրանց, հանգեցնում է մի շարք դժգոհությունների ավելացմանը գործող իշխանության նկատմամբ։

Երբ հասարակությունում առաջանում է ատելություն գործող իշխանության նկատմամբ, այդ քաղաքական ուժը սկսում է ավելի վառ կերպով՝ իր խոսքով կամ արարքով հակադրվել գործող իշխանության կողմից հաստատված կարգին, որի արդյունքում արժանանում է հասարակության աջակցությանը և պատրաստակամությանը` հետևելու իրեն։

Որպես կանոն` սրան աջակցում են հասարակության մարգինալ և լումպենացված հատվածները՝ դժգոհ իրենց սոցիալական կարգավիճակից և պատրաստակամ կատարելու անվերահսկելի գործողություններ։ Թերահավատ լինելով նրանում, որ գործող իշխանության ուժերը կարող են լուծել սոցիալական ու տնտեսական խնդիրները՝ ամբոխի մոտ առաջանում է ձգտում լուծելու առաջացած դժվարություններն ինքնուրույն կամ ինքնաբուխ ձևավորված կազմակերպությունների միջնորդությամբ։ Նման վիճակն ուղեկցվում է հանցագործների աջակցությանը դիմելով, ցույցեր, ապստամբություններ, փողոցային անկարգություններ կազմակերպելով, քաղաքական ու քաղաքացիական պարտականությունների կատարումից հրաժարվելով: Խուսափելու համար գործող կարգի վերահաստատումից ամբոխը սկսում է պահանջել կառավարողների պաշտոնաթողությունն անվստահություն հայտնելու միջոցով։

Օխլոկրատական դրսևորումները «հեղափոխական» Հայաստանում

Օխլոկրատիային բնորոշ իրավիճակ էր տիրում Հայաստանում 2018թ․ ապրիլ-մայիս ամիսներին, որի արդյունքը դարձավ «հեղափոխությունը»։ Այսպես, «հեղափոխության» ընթացքում քաղաքացիները պայքարում էին Սերժ Սարգսյանի հրաժարականի համար (այնուհետև ողջ համակարգի դեմ), սակայն հետագայում այն դարձավ Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնելու գործընթաց։ Այսպիսով` ստացվում է, որ ընտրազանգվածի մեծամասնությունը, որը 2017թ․ ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնարավորություն ուներ քվեարկելու Նիկոլ Փաշինյանի դաշինքի օգտին (7,78), այնուամենայնիվ քվեարկեց Սերժ Սարգսյանի կուսակցության օգտին (49,15%), որի արդյունքում Սարգսյանը մեկ տարի անց խորհրդարանի կողմից ընտրվեց վարչապետ։ Ստացվում է, որ հասարակության մեծամասնությունը, որը գիտակցաբար ընտրել էր Սերժ Սարգսյանին որպես վարչապետ, մեկ տարի հետո (այն դեպքում, երբ հասարակությունը տեսել էր Սարգսյանի կառավարման որակը սկսած 2008թ․-ից) որոշեց աջակցել 7% ձայն ստացած Նիկոլ Փաշինյանին։

Ակնհայտ է, որ հասարակության քաղաքացիական գիտակցության փոփոխության համար անհրաժեշտ է քաղաքացիական կրթություն, որը համեմատաբար երկար գործընթաց է։ Սակայն, նպատակ ունենալով կարճ ժամանակահատվածում ստանալ հասարակության լայն զանգվածի աջակցությունը՝ Նիկոլ Փաշինյանը ընտրեց հասարակության վրա ազդելու մեկ այլ միջոց։ Սկսելով քայլարշավը Հայաստանի մարզերից՝ Փաշինյանը նույնականացրեց իրեն ժողովրդի հետ, որի արդյունքում կարողացավ ազդեցություն ունենալ մարդկանց հուզականության վրա։ Հուզականությունը, ի տարբերություն քաղաքացիական կրթության, կարող է համախմբել հասարակությանը և դրդել արկածախնդիր քայլերի, սակայն, միևնույն ժամանակ այն անցողիկ է և ոչ հաստատուն։

Թերևս ըստ Արիստոտելի՝ օխլոկրատիայի ժամանակ ազնվական ծագում ունեցող անհատները համակարգայնորեն հեռացվում են կառավարման գործընթացից և կառավարմամբ սկսում են զբաղվել վիճակահանությամբ պաշտոն ստացած անհատները։ Սակայն հասարակությունում միշտ էլ հանդիպում են մարդիկ, որոնք այդ իրավիճակը բնորոշում են որպես իրական ժողովրդավարություն։

Այսպես, «հեղափոխությունից» հետո պաշտոններ ստանձնեցին այն քաղաքացիները, որոնք մասնակցել էին քայլարշավին՝ անկախ իրենց ունեցած մասնագիտական հմտություններից։ Պատահական չէ, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ասել էր, որ ինքը կրթությամբ է իրավաբան, ոչ թե՝ մասնագիտությամբ։ Նույն տրամաբանությամբ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրված դերասան Հայկ Մարությանը, իր նախընտրկան ծրագրում տեղ գտած խոստումները (աղբահանության պատշաճ իրականացում, վերելակների վերանորոգում, տրանսպորտի բարեկարգում և այլն) մինչս օրս չի իրականացրել։ Պաշտոններ էին ստացել նաև որոշ քաղաքացիական ակտիվիստներ, օրինակ՝ Անուշ Լալայանը (Սփյուռքի փոխնախարարի նախկին օգնական), Կարո Ղուկասյանը (ՀՀ պետական վերահսկողական ծառայության նախկին աշխատակից)։

Արդյունքում, վիճակահանության կարգով պաշտոնների բաշխումը կարող է հանգեցնել մի շարք անկարգությունների քաղաքական ու հասարակական ոլորտներում։ Որպես օրինակ կարելի է ներկայացնել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև տեղի ունեցած լեզվակռիվը Ազգային ժողովում։ Մեկ այլ դեպք էլ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների շենքերի մուտքերի արգելափակումն է, որին մասնակցել էին «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ՝ Վարազդատ Կարապետյան, Գևորգ Պապոյան, Մարիա Կարապետյան, Լուսինե Բադալյան, Արմեն Փամբուխչյան, Սոնա Ղազարյան, Քրիստինե Պողոսյան, Ալեքսանդր Ավետիսյան, Վահագն Հովակիմյան և այլք։ Նշենք, որ դատարանների շենքերի մուտքերի արգելափակումը համարվում է իշխանությունների տարանջատման սկզբունքի և «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների խախտում։

Արիստոտելը պնդում է նաև, որ օխլոկրատիան բնույթով կարճաժամկետ է, որին հաճախ հաջորդում է բռնապետությունը կամ օլիգարխիան։ Այսպես, ֆրանսիացի փիլիսոփա Ժան-Ժակ Ռուսոն սահմանում է օխլոկրատիան որպես ամբոխի իշխանություն, ինչպես նաև ժողովրդավար պետությունում ինքնիշխանության և կառավարության միջև առաջացած անկարգություն։ Շոտլանդացի պատմաբան Ջեյմս Մակինտոշը բնորոշել է օխլոկրատիան որպես ժողովրդավարության ավերում, այն է՝ օխլոկրատիայի ժամանակ ամբողջատիրությանն անցնելու վտանգը բավականին մեծ է։ Գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Շլեգելը բնութագրում է օխլոկրատիան որպես «փոքրամասնության հանդեպ մեծամասնության կողմից հաստատված բռնապետություն»։ Շլեգելը սահմանում է օխլոկրատիան նաև որպես ժողովրդավարության փլուզման արդյունք, անարխիայի ուրույն տեսակ։

Ուստի ոչ ժողովրդավարական վարչակարգին կամ անարխիային անցնելուց խուսափելու համար հարկավոր է, որ ժողովուրդը գիտակցի իր իրավունքներն ու պարտականությունները, հետամուտ լինի, որ իշխանություները որոշումներ կայացնելիս հիմնվեն ժողովրդի շահերի վրա, հակառակ դեպքում` գործ կունենանք ամբոխի հետ, որը, չգիտակցելով իր իրավունքներն ու պարտականությունները, հեշտությամբ տրվում է քաղաքական համակարգի մանիպուլյացիաներին, որն էլ, ստանալով ամբոխի աջակցությունը հետամուտ է լինում անձնական շահի առաջմղմանը։  Այս մասին ավելի մանրամասն կներկայացնենք մաս 2-ում։

 

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

 

Աղբյուրները՝

  1. Beyond democracy
  2. Crowds and Spontaneous Collaboration
  3. Gálvez J., Democracy in Times of Ochlocracy, SYNTHESIS PHILOSOPHICA, № 63, 2017, pp. 167–178.
  4. How Democracy Arises and Degenerates
  5. Ochlocracy and democracy in the ‘long quarrel’: modern republicanism and its ancient rivals revisited
  6. Ochlocracy as a Distortion of Democracy
  7. Unguru E., From democracy and chaos, LUMEN Publishing House, 2017, № 2, pp. 34-36.
  8. Тощенко Ж., Особенности современной охлократии, Полис. Политические исследования, 2010, № 2, сс. 166-177.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն