«ԼՈՒՅՍ» հիմնադրամը Հայաստան-Հնդկաստան համագործակցության չիրականացված ներուժի ու հեռանկարների մասին

article-image

Հայաստանի համար անվտանգային նոր սպառնալիքների առկայության պայմաններում Հնդկաստանը այն քիչ ուղղություններից մեկն է, որի հետ գրագետ աշխատանքը կարող է դույզն-ինչ մեղմել Հայաստանի դեմ կուտակված անվտանգային ռիսկերը։ Այս իմաստով, հայ-հնդկական համագործակցությունը զարգացման մեծ պոտենցիալ ունի հետևյալ ոլորտներում. Այս մասին տեղեկանում ենք «ԼՈՒՅՍ» հիմնադրամի կողմից հրապարակված վերլուծությունից։

Միջազգային հարթակներ։

Հնդկաստանը կարող է կարևոր դեր խաղալ ՇՀԿ-ին Հայաստանի անդամակցության հարցում։ 2022-ին Հայաստանի վարչապետը չեղարկեց իր մասնակցությունը Սամարղանդի գագաթնաժողովին՝ դա հիմնավորելով սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայով։ 2023-ին կազմակերպության նախագահությունն անցել է Հնդկաստանին և հաջորդ գագաթնաժողովը տեղի է ունենալու բարեկամական երկրում։

Պատշաճ դիվանագիտական աշխատանքի պարագայում Հնդկաստանը կարող է Հայաստանի ղեկավարությանը հրավիրել գագաթնաժողովին։ Այս կառույցում ապագայում ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Չինաստանի, Ռուսաստանի հետ հետագա համագործակցությունը շատ կարևոր է այնտեղ թուրք-ադրբեջանական խոսույթին հակազդելու և վերջիններիս ազդեցությունը զսպելու տեսանկյունից։

Բացի այդ, Հնդկաստանը այս տարի նախագահում է նաև G20-ը, ուստի այս հարթակում ևս իր խոսքը աշխարհի գերտերություններին հասցնելու մեծ ներուժ ունի՝ հայկական օրակարգը միջազգային տարբեր հարթակներում առաջ մղելու նպատակով։ Ուշագրավ է, որ այս ուղղությամբ արդեն իսկ նկատվում են որոշակի քայլեր, մասնավորապես G20-ի արտգործնախարարների գագաթնաժողովին զուգահեռ անցկացվող «Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու Դելիի կողմից ՀՀ ԱԳ նախարարին Հնդկաստան հրավիրելու կարևոր դիվանագիտական քայլը։ Այլ հարց է, թե որքանով են ՀՀ իշխանությունները ի վիճակի օգտագործել նման հարթակները Հայաստանի և Արցախի կենսական շահերը պաշտպանելու նպատակով։


Ռազմական ոլորտ։ Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը ռազմական ոլորտում համեմատաբար նոր, սակայն ամենից հեռանկարային ուղղություններից մեկն է։ Այս իմաստով փոխգործակցության զարգացման մեծ ներուժ ունեն սպառազինությունների մատակարարման, հակաահաբեկչական պայքարի, համատեղ զորավարժությունների, ռազմական կրթության և վերապատրաստման, հեռանկարում նաև ռազմարդյունաբերության ոլորտում որոշ համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները։

Օրինակ, Հնդկաստանը կարող է լուրջ ներդրում ունենալ Հայաստանում ժամանակակից ռազմական ԱԹՍ-ների արտադրության զարգացման հարցում, հատկապես եթե Հայաստանն այդ ուղղությամբ որոշակի համագործակցության ուղիներ ստեղծի Իրանի և Ռուսաստանի հետ։ Հակաահաբեկչական պայքարի համատեղ կենտրոնի ստեղծումը ևս մեկ հեռանկարային ուղղություն է, որը զարգացման և տարածաշրջանի այլ երկրների ներգրավման մեծ ներուժ ունի։ Երկու երկրները կարող են նաև համագործակցել իրենց զինանոցում առկա խորհրդային կամ ռուսական զինատեսակների արդիականացման ուղղությամբ։ Հնդկաստանի հետ երկկողմ և բազմակողմ զորավարժությունների անցկացումը կարող է զսպող գործոն դառնալ տարածաշրջանում Հայաստանի ագրեսիվ հակառակորդների համար։

Տարածաշրջանային համագործակցություն և տնտեսություն։ Վերջապես Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի դուրս չմնա տարածաշրջանում Հնդկաստանի հիմնական աշխարհաքաղաքական նախաձեռնությունից՝ Հյուսիս-Հարավ ծրագրից։ Այն եզակի տարածաշրջանային ծրագրերից է, որին մասնակցելու և որից օգտվելու հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունը դեռ պահպանում է։

Սակայն այս միջանցքի ընձեռած հնարավորություններից լիարժեք օգտվելու համար մեզ անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք առայժմ բացակայում են։ Փոխարենը, տարածաշրջանի մյուս երկրները ակտիվորեն զարգացնում են իրենց տրանսպորտային ենթակառուցվածքները՝ դրանք հարմարեցնելով Հյուսիս-Հարավ միջանցքի պահանջներին։ Եթե Երևանն այս հարցում հապաղի և չկարողանա ճիշտ օգտվել ստեղծված հնարավորությունից, մեծ է հավանականությունը, որ Հայաստանը դուրս կմնա նաև այս ծրագրից, ինչը առավել կխորացնի երկրի տարածաշրջանային մեկուսացումը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն