«Այս պայմանավորվածությունից հրաժարվողը անբարոյականի զավակ է». Սերգեյ Բագրատյանի նախկին երդումն ու մանդատը վայր չդնելու մասին որոշումը

article-image

Հուլիսի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:

Այսօր՝ հուլիսի 31-ին, պատգամավորը ֆեյսբուքյան պարզաբանմամբ հանրությանը տեղեկացրեց իր՝ խմբակցությունից դուրս գալու պատճառների մասին, ինչպես նաև հայտնեց, որ չի պատրաստվում մանդատը վայր դնել, այլ գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակով։

Բագրատյանը մասնավորապես գրել էր. «Դուրս գալու պատճառը եղել է այն, որ տևական ժամանակ իմ քաղաքական դիրքորոշումը էականորեն տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի կողմից ընդունված որոշումների բովանդակությունից և առանցքային հայտարարություններից առաջ քանիցս ներկայացրել եմ իմ անհամաձայնությունն ու առարկությունները: Նոր Հայաստանի հայտարարած արժեքների հաստատման համար տասնյակ տարիներ պայքարել եմ և պայքարելու եմ: Հզոր պետականության, առանց բռնության հասարակության, մարդու իրավունքների գերակա արժեքներն այն նպատակադրումներն են, որոնք ինձ ուղեկցել և ուղեկցելու են միշտ: Քաղաքական միավորներն անցողիկ են, պետությունն է հավերժ: Իմ գործունեությունն ուղղված է եղել և այսուհետ առավելապես միտված է լինելու հայոց պետականության հզորացմանը:

Գրեթե համոզված եմ, որ բոլոր քաղաքական միավորներն առնվազն այս մոտեցումներն ընդունում են, սակայն դրանց հասնելու ճանապարհները տարբեր են: Այստեղ է, որ իմ պատկերացումները տարբերվում են ԲՀԿ-ի ուղենիշներից», -պարզաբանել էր պատգամավորը։

Այս գրառումից կարճ ժամանակ անց Բարգատյանը հեռացրել է գրառումն իր ֆեյսբուքյան էջից։

Այս պարզաբանման առնչությամբ իրենց զարմանքն են արտահայտել ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանը և Իվետա Տոնոյանը։

Աբովյանը մասնավորապես գրել է, որ կարդացել է Սերգեյ Բագրատյանի «բացատրական» նամակն ու ապշել. «Էս ի՜նչ մի ամպոգոռգոռ բառեր, էս ի՜նչ մի "անհամաձայնություններ ԲՀԿ֊ի վարած քաղաքականության հետ", ձեզ հետ ի՞նչ է կատարվում...

Մենք միասին ներկա ենք եղել բոլոր քննարկումներին և ես գեթ մեկ անգամ չեմ հիշում ոչ մի դեպք, երբ Բագրատյան Սերգեյը իբր թե համաձայն չէր ԲՀԿ֊ի վարած քաղաքականության հետ։

Այո՛ ես համարում եմ, որ Բագրատյան Սերգեյը նվազագույնը այսքանից հետո ուղղակի պարտավոր էր վայր դնել իր մանդատը, որը ստացել էր ոչ թե իր շնորհիվ, այլ միայն և միայն Գագիկ Ծառուկյանի ժողովրդի կողմից ստացած հարգանքի և վստահության շնորհիվ։

Եվ վերջում, եթե խոսում ենք բարոյականությունից, ապա Բագրատյանի փոխարեն ես եմ ամաչում, իրականում նորմալ մարդն այսքանից հետո ամոթից "գետինը պետք է մտներ", այլ ոչ թե ամոթալի ինքնաարդարանալու փորձեր աներ», - գրել է Աբովյանը։

Նույնանման գրառում է կատարել Իվետա Տոնոյանը՝ նշելով, որ մանդատը պահելու մոլուցքը, փաստորեն, վեր է տղամարդկային ու բարոյական բոլոր արժեքներից. «Զարմանքս, անկեղծորեն, չկարողացա թաքցնել, երբ կարդացի երբեմնի գործընկերոջս՝ Սերգեյ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը: Մի պահ թվաց, թե նրա՝ սևով սպիտակին հանձնած մտքերը ծնունդ են առել հիշողության ժամանակավոր կորստի արդյունքում, հետո հասկացա՝ այդքան բաղձալի մանդատը ամեն գնով պահելու ճիգերն են նրա փոխարեն այդ տեքստը երկնել: Իսկապես ամաչում եմ… Դիրքորոշման էական տարբերությունների մասին խոսում է մի մարդ, որը ԲՀԿ քաղխորհրդի մինչև վերջին նիստը իր անվերապահ աջակցությունն ու համաձայնությունն է հայտնել կայացված բոլոր որոշումների վերաբերյալ: Պետության հավերժական լինելու և հայոց պետականության հզորացման անհրաժեշտության մասին խոսում է մի մարդ, ում կողմից պետությանը հասցված միլիոնների վնասի կասկածանքով քրեական գործեր են հարուցված: Ընդ որում այդ վնասը փոխհատուցելու անհրաժեշտության մասին բազմիցս Բագրատյանին հորդորել է հենց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ այդ գործում առաջարկելով թե՛ իր, և թե՛ մեր ամբողջ թիմի օգնությունը: Երևի հենց այս հակասությունների մասին է խոսում պարոն Բագրատյանը, երբ ինքն ընդդիմանում էր պետությանը հասցված վնասը վերականգնել, իսկ մենք հակառակն էինք պնդում: Ինչևէ, իսկապես ցավում եմ, որ ընդամենը պատգամավորական մանդատը պահելու համար մարդ կարող է անցնել իր բարոյականության, իր տղամարդկային խոսքի, իր սկզբունքների վրայով: Թեպետ ինչ սկզբունքների մասին է խոսքը, երբ մարդու միակ սրբությունը մանդատն է…», -գրել է ԲՀԿ-ական պատգամավորը։

Նախկին գործընկերները, ինչպես նկատում ենք, Բագրատյանի «բացատրական նամակի» առնչությամբ արձագանքում, ի թիվս այլ մեկնաբանությունների, վկայակոչել են նաև բարոյական ու տղամարդկային արժեքները, որոնք, ըստ նրանց, Բագրատյանը խախտել է՝ վեր դասելով մանդատը։ Գործընկերները կարծում են, որ Բագրատյանը պարտավոր էր վայր դնել մանդատը։

Սերգեյ Բագրատյանի գործընկերների այս մեկնաբանությունները մեզ հիշեցրին որոշ ժամանակ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից պատրաստված տեսանյութում տեղ գտած նամակների բովանդակությունը, որոնցից մեկի ներքո էլ առկա էր Բագրատյանի ստորագրությունն ու անուն ազգանունը։

Նամակում մասնավորպես ասվում էր. «Ես, Սերգեյ Բարգատյանս, առաջնորդվելով ԲՀԿ ռեյտինգային ցուցակով, պատրաստվում եմ ապահովել 7000 ձայն իմ անունով։ Եթե չապահովեմ, ապա Գագիկ Ծառուկյանի պահանջի դեպքում, պետք է հրաժարվեմ պատգամավորական մանդատը վերցնելուց։ Այս պայմանավորվածությունից հրաժարվողը անբարոյականի զավակ է», - գրված էր Գագիկ Ծառուկյանին ուղղված նամակում։


 

Չնայած նրան, որ Բագրատյանը հերքել էր այս նամակի իսկությունը և խոստացել էր դիմել դատարան, այնուամենայնիվ մինչ օրս հայցադիմում ներկայացված չէ, ինչը հիմքեր է տալիս ենթադրելու, որ այն իրական է։

Ինչպես երևում է, պատգամավորի սկզբունքները ժամանակի ընթացքում փոխվել են. նախկինում իր կուսակցության առաջնորդի պահանջի դեպքում մանդատը վայր դնելու երդում տված Բագրատյանն այսօր դուրս է եկել խմբակցությունից և հրաժարվում է մանդատը վայր դնել՝ ինքն իրեն դնելով անհարմար իրավիճակում։ Այս առումով հասկանալի է, թե ինչ նկատի ունեն գործընկերները, երբ զարմանք են արտահայտում՝ վկայակոչելով տղամարդկային և բարոյական արժեքները։ Ավելի քան խոսուն է նաև Բագրատյանի կողմից իր՝ մանդատը վայր չդնելու մասին հայտարարությունն ու խմբակցությունից դուրս գալու պարզաբանումները ֆեյսբուքից հեռացնելը։

 

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն