Ո՞վ է Գագիկ Ջհանգիրյանը, և ի՞նչ է գրում մամուլը նրա մասին

article-image

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածուներից մեկը Գագիկ Ջհանգիրյանն է:

Այս թեկնածությունը միանշանակ չի ընդունվել հասարակական-քաղաքական շրջանակների կողմից: «Ընտրակեղծիքները», «Մատաղիսի գործն» ու «մանումենտի դղյակները» հիշելով՝ Ջհանգիրյանի անցած ուղուն ծանոթ գործիչները իրենց մտահոգությունն էին հայտնում նրա` ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ: Իրավաբանական հանրույթն էլ տեղի ունեցող գործընթացն ապօրինի է որակում:

AntiFake.am-ը ուսումնասիրել է Գագիկ Ջհանգիրյանի անցած ուղին ու մի շարք հետաքրքիր փաստեր բացահայտել: Ստորև ներկայացնում ենք բաց աղբյուրներում Գագիկ Ջհանգիրյանի անցած ուղու հետաքրքրաշարժ դրվագները:

Parliament.am կայքում առկա տվյալների համաձայն` Գագիկ Ջհանգիրյանը 1970-1973 թվականներին «Բարձրշինտրեստ» 6-րդ շինվարչությունում աշխատել է որպես գիշերապահ: 1977 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետն ու հանդիսանում է իրավաբանական գիտությունների թեկնածու: 1977-1990 թվականներին Ջհանգիրյանը եղել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի լաբորանտ, ապա՝ կրտսեր գիտաշխատող, այնուհետև՝ ավագ գիտաշխատող: 1990-1997 թվականներին էլ վերջինս զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետի, այնուհետև՝ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Արդեն 1997-2006 թվականներին Ջհանգիրյանը զբաղեցրել է ՀՀ զինվորական դատախազի, այնուհետև՝ 2006-2008 թվականների ընթացքում` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը:

Հետաքրքիր է, որ բաց աղբյուրներում Ջհանգիրյանի կենսագրության որոշ դրվագներ թաքցված են: Օրինակ, ուսումնասիրելով Ջհանգիրյանի կենսագրությունը՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հարցադրումներ էր արել, թե ինչու՞ են կարևոր տեղեկատվությունները թաքցվում հանրությունից։  «Ինչու՞ չեք գրել, որ պարոն Ջհանգիրյանը հանդիսանում է «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի հիմնադիր-անդամ»,- մասնավորապես գրել էր Մելիքյանը:

Ի դեպ, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ խորհրդի անդամների շարքում են նաև «Մարտի 1»-ի գործի շրջանակներում զոհերի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանը և կինը` Լուսինե Սարգսյանը, ինչպես նաև «Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: 

2012 թվականի մայիսի 6-ին Գագիկ Ջհանգիրյանը համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքով ընտրվել է որպես ԱԺ պատգամավոր: Ընդ որում, մինչև 2013 թվականի ապրիլ ամիսը անկուսակցականի Ջհանգիրյանը դարձել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ:
 



Ի դեպ, նույն ժամանակահատվածում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ է եղել նաև Նիկոլ Փաշինյանը:



Համաձայն parliamentmonitoring.am կայքում առկա տվյալների՝  Գագիկ Ջհանգիրյանի եկամուտները 2012 թվականին կազմել են 2,180,980 դրամ, իսկ 2015 թվականին զգալիորեն աճելով կազմել են 9,946,840 դրամ:
 



Պատգամավորության տարիների ընթացքում Ջհանգիրյանը ելույթ է ունեցել ընդամենը 7 անգամ և 10 անգամ էլ հարց է տվել: 
 



Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում առկա տվյալների՝ 2017 թվականին Ջհանգիրյանը պաշտոնը դադարեցնելու կապակցությամբ հայտարարագիր է ներկայացրել և հայտարարագրել 5,000,000 և 2,203,990 ՀՀ դրամ:
 


 

Ըստ մամուլում շրջանառվող որոշ տեղեկությունների` Գագիկ Ջհանգիրյանը Հայաստանում «ընտրակեղծիք» երևույթը ներդրած գլխավոր ընտրակեղծարարն է: Վերջինիս ընտրակեղծարար լինելու հանգամանքը շատերը բացատրում են նրանով, որ Ջհանգիրյանը 1995 թվականին զբաղեցրել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։ «Դե յուրե լինելով ԿԸՀ նախագահ` Ռոբերտ Ամիրյանը հանդիսանում էր ԿԸՀ փոխնախագահ Ջհանգիրյանի կամակատարը, ինչով էլ 1990-ականների սկզբից հիմք դրվեց ընտրակեղծիքների ինստիտուտի ստեղծմանը»,- գրում է մամուլը՝ նկատի ունենալով անկախ Հայաստանում առաջին անգամ անցկացված համապետական՝ Ազգային Ժողովի ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն։

«Ընտրություններն ու հանրաքվեն ուղեկցվեցին բոլոր հնարավոր և անհնար կեղծարարություններով՝ բռնություններ, ծեծ ու ջարդ, լցոնումներ, քվեատուփերի գողացումներ, զինվորական ստորաբաժանումների տարբեր տեղամասերում միաձայն քվեարկություններ, արձանագրությունների կեղծումներ և այլն»,- հիշում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ու հավելում, որ Ջհանգիրյանը զանգահարում էր բոլոր ընտրատեղամասերն ու հանձնարարում, որ մինչև հանրաքվեի 70%-ից ավել ցուցանիշ չլինեն, նա արձանագրություն չի ընդունի:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսին Ջհանգիրյանի ու ընտրակեղծնիքների մասին գրառման կապակցությամբ ոստիկանություն էր հրավիրվել «Անկախ» հասարակական֊քաղաքական, մշակութային շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր Վարդուհի Իշխանյանը:

«Ես միայն մի փաստ հաղորդեցի, որ լինելով վստահված անձ, ինքս եմ տեսել անօրինականությունները։ Ինձ պատմել են նաև ընտրատարածքներից մեկի նախագահն ու քարտուղարը, թե ինչպես, երբ տանում էին արձանագրությունները հանձնելու ԿԸՀ, տեսել և լսել են ԿԸՀ նախագահի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գորգռոցը հեռախոսով, որ հանձնաժողովի անդամներից մեկի վրա գորգոռում էր, թե փոխեք «Այո»-ի ու «Ոչ»-ի տեղերը։ 1995-ին նաև ԼՏՊ-ի հագով կարված սահմանադրություը կեղծիքով անցկացրեցին», - ոստիկանություն կատարած այցի ժամանակ ասել էր Վարդուհի Իշխանյանը:

«Այն, որ հենց Գագիկ Ջհանգիրյանն է հիմք դրել ընտրակեղծարարությանը Հայաստանում, կարծում եմ, երկու կարծիք լինել չի կարող: Հակառակ կարծիք կարող են ունենալ, թերևս միայն երիտիշխանավորները՝ այն պարզ պատճառով, որ Ջհանգիրյանի կյանքի այդ փուլում դեռ ծնված չեն եղել, նրա զինդատախազ աշխատած տարիներին՝ բանակ չեն զորակոչվել, կամ էլ՝ դեռ մանուկ են եղել»,- այս մասին հայտարարել էր Արթուր Գահնապետյանն ու հավելել, որ Գագիկ Ջհանգիրյանը մի մարդ է, որի դաժանության բնութագրիչ որպես հիշատակվում է անձնական բանտ ունենալը:

Մամուլում տեղեկություններ են առկա այն մասին, որ ընտրակեղծարարության տաղանդների շնորհիվ է, որ հետագայում Ջհանգիրյանը նշանակվել է զինվորական դատախազի պաշտոնում։

«Այդ տարիներին նրա ջանքերով կոծկվեցին բազմաթիվ զինվորական հանցագործություններ»,- գրում է մամուլը՝ հիշատակելով «Մատաղիսի» հայտնի գործը։

Ըստ «Մատաղիսի» գործի նյութերի՝ 2003 թվականի դեկտեմբերի 24-ին` ժամը 20։30-ի սահմաններում 33651 զորամասի զինծառայողներ Ռոման Եղիազարյանն ու Հովսեփ Մկրտումյանը քաղցրավենիք գնելու նպատակով դուրս էին եկել զորամասի տարածքից ու այլևս չէին վերադարձել։ 15 օր անց՝ 2004 թվականի հունվարի 9-ին, ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության ջրասույզները Մատաղիսի ջրանցքից հայտնաբերել էին Հովսեփ Մկրտումյանի, իսկ հաջորդ օրը` Ռոման Եղիազարյանի դիերը։ 2005թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր էր ճանաչել նույն զորամասի զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին ու Արայիկ Զալյանին՝ դատապարտելով 15 տարի ազատազրկման։ Վերաքննիչ դատարանում, սպանված զինծառայողներից մեկի հայրը՝ Մովսես Մկրտումյանը հրաժարվել էր բողոքից` նշելով, որ ամբաստանյալներն անմեղ են և նրանք չեն իր որդու սպանողները: 2006 թվականի մայիսի 30-ին ամբաստանյալները դատապարտվում են ցմահ ազատազրկման։ Հետագաում նրանք ազատ արձակվեցին, քանի որ նրանց մեղքը չհաստատվեց: Հավելենք, որ Հովսեփ Մկրտումյանի մայրը՝ Գրետա Մնացականյանը, նույնպես հայտարարել էր, որ պաշտպանում է «Մատաղիսի գործով» անցնող բոլոր երեք մեղադրյալներին ու չի հավատում, որ նրանք են սպանել իր որդուն: Իր հարցազրույցներից մեկում տիկին Գրետան հիշել էր, թե ինչպես էր նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը պաշտպանում մեղադրանքը ու համոզված պնդում, որ այդ երեք տղաները մեղավոր են ու պետք է խստորեն պատժվեն:

«Էդ օրը, որ Վճռաբեկը հրապարակեց վճիռը ու գործը ուղարկեց նոր նախաքննության, մենակ տեսնեիք, թե ոնց փախավ Ջհանգիրյանը, անամոթը, սևազգեստ մայրերով վազեցինք հետևից, մեզ ոչ մի բան չասեց, անմիջապես թողեց-գնաց», -պատմել է Գրետա Մնացականյանը:

Լուրեր են կան այն մասին, որ գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելուց հետո Գագիկ Ջհանգիրյանը պահպանել է «քաղաքական չեզոքությունը» և  միայն 2008 թվականին միացել քաղաքական  ընդդիմությանն ու 2012 թվականին արդեն դարձել պատգամավոր։

Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրող դատախազ Ջհանգիրյանի անունը նաև կապվում է նաև «Մարտի 1»-ի գործի հետ: Վերջինս այդ գործի շրջանակններում անգամ դատապարտվել է ու 10 տարի անց՝ Փաշինյանի իշխանության օրոք, Վճռաբեկ դատարան դիմելով պահանջել բեկանել տարիներ առաջ իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն ու 2019 թվականի սեպտեմբերի 18-ին՝ արդարացվել։

Ջհանգիրյանը նաև ՀՀ վարչական դատարան էր դիմել իր երբեմնի կոչումներն ու պաշտոնը վերականգնելու համար, սակայն որոշ ժամանակ անց դիմումը հետ էր վերցրել:

«Ես հիմա երկրորդ բողոքը տանում եմ Քրեական պալատի որոշման հիման վրա, այ դրա համար եմ հետ վերցրել… Կա Ռոբերտ Քոչարյանի երկու ապօրինի հրամանագրերը անվավեր ճանաչելու մասին բողոք»,– ասել էր Ջհանգիրյանը: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` 2008 թվականի հրամանագրերով Ջհանգիրյանն ազատվել էր դատախազի տեղակալի պաշտոնից և զրկվել դասային աստիճանից։

Համառ լուրեր են պտտվում նաև այն մասին, որ Գագիկ Ջհանգիրյանը ոստիկանների  նկատմամբ բռնություն է կիրառել՝ մեկին ձեռքով հարվածել ու ֆիզիկական ցավ պատճառել, մյուսի դեպքում՝ պատռել համազգեստը:

Բացի այդ խոսակցություններ կան այն մասին, որ վերջինս Մոնումենտի կանաչ տարածքների հաշվին առաջին և ամենամեծ առանձնատան տերերից է,  որն, ըստ լուրերի, 20.000 դոլարի դիմաց տրվել է վարձակալության: Խոսքը 1990-ական թվականների վերջին կառուցված եռահարկ շքեղ առանձնատան մասին է:

Որոշ լուրերի համաձայն էլ` Ջհանգիրյանը Վազգեն Սարգսյանի մահից հետո շտապել էր պաշտոն խնդրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու ամոթանքի արժանացել՝ Վազգեն Սարգսյանի մտերիմներ ներկայացող ու նրա մահից հետո պաշտոն խնդրած գործիչների հետ միասին:

Ի դեպ, նախկինում Փաշինյանը դրական կարծիք չի ունեցել Ջհանգիրյանի մասին ու նրան մեղադրել է ՀՀ երրորդ նախագահ Սարգսյանի իշխանությանը սպասարկելու մեջ: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին նախագիծն էլ Ջհանգիրյանի կողմից որակվել էր որպես «իրավաբանական անգրագիտություն»:

Փաշինյան-Ջհանգիրյան «կոնֆլիկտին» կարող է գումարվել Ջհանգիրյանի այն հայտարարությունը, թե «իրականում Մանվել Գրիգորյանի «փուչիկը» հենց սկզբից էլ շատ փչեցին, այդ խտացրած կաթի ու տուշոնկաների հետ ինքն ընդհանրապես կապ չի ունեցել»:

Ստացվում է, որ նախկինում Ջհանգիրյանի հետ աշխատած, ապա նրա հետ կոնֆլիկտներ ունեցած Փաշինյանը, ով նաև քաջատեղյակ է Ջհանգիրյանի «ընտրակեղծարարի» համբավին ու նրա անվան շուրջ պտտվող սկանդալներին՝ վերջինիս միջոցով ցանկանում է իրավական բարեփոխումներ իրականացնել: Իսկ թե ինչպիսի «բարեփոխումներ» կանի Ջհանգիրյանը, ցույց կտա ժամանակը:
 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն