Արայիկ Հարությունյանի՝ դասադուլ անելու վերաբերյալ իրարամերժ հայտարարությունները/լռությունը «հեղափոխության» օրերին և հիմա

article-image

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ջերմուկում, Գնդեվազ գյուղում և հարակից  շրջաններում սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ` ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։ Բողոքի ակցիաները արտահայտվել են երթերով, գործադուլով և դասադուլով՝ ներգրավելով բազմաթիվ դպրոցականների։

Ակցիայի ընթացքում քաղաքացիները նշում էին, որ իրենք կողմ են դպրոցականների դասադուլին, և անհրաժեշտության դեպքում անգամ աշակերտները 10 օր կարող են չներկայանալ դասի։ Բողոքի ակցիային մասնակցող դպրոցակաները, որոնք հանդես էին գալիս «Ամուլսար, միայն սար» կարգախոսով, իրենց հերթին հաստատում էին, որ դասի չեն ներկայանալու մինչև Ամուլսարի խնդիրը չլուծվի։

Նրանք իրենց բողոքը արտահայտում էին դպրոցի հարակից տարածքներում և մերժում տնօրենի՝ դասապրոցեսին վերադառնալու հորդորները։

Հավաքված դպրոցականները մեծամասամբ ավագ դասարանների աշակերտներ են եղել և իրենց փոխանցմամբ՝ թույլ չեն տվել ավելի ցածր դասարանների աշակերտներին մասնակցել դասադուլին, քանի որ նրանք այդքան էլ «չեն հասկանում» ստեղծված իրավիճակից։

Բողոքի ակցիայի ընթացքում հետաքրքիր դեպք արձանագրվեց, երբ մի լացակումաց փոքրիկ տեղեկացրեց, որ դպրոցի տնօրենն ասել է, որ ակցիաներին մասնակցելու դեպքում իրեն կհեռացնի դպրոցից։ Սա հուշում է այն մասին, որ հին վարք ու բարքերը շարունակվում են։ Սակայն սա դեռ ամենը չէ։

Բողոքի ակցիային հաջորդեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից արված այն հայտարարությունը, որ դպրոցականների դասադուլը մտահոգիչ է։

Հայտարարության մեջ մեծահասակներին կոչ է արվում զերծ մնալ երեխաների զգացմունքները շահարկելուց և արհեստականորեն չազդել նրանց որոշումների կայացման վրա և ընդգծվում, որ աշակերտն արդեն ապացուցել է, որ իր իրավունքները պաշտպանելու և դրանց համար պայքարելու համար ունի բավարար կամք և ունակություններ։

ԿԳՄՍՆ-ի «մտահոգությունը» կարող ենք համարել «անտեղին», քանի որ հենց այդ կառույցի ներկայիս ղեկավար Արայիկ Հարությունյանը 2018թ․ ապրիլ-մայիս ամիսներին կոչ էր անում ուսանողներին դասադուլ անել և մասնակցել «հեղափոխական» պրոցեսներին, իսկ դպրոցական երեխաների ծնողներին հորդորում էր գրավոր բացատրություն չտալ իրենց երեխաների բացակայությունների համար` խրախուսելով նաև դպրոցականների դասադուլները:

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին իր ելույթի ընթացքում հպարտությամբ նշում էր, որ իրենց «հեղափոխությանը» «միացել են բազմաթից դպրոցականներ՝ տղաներ և աղջիկներ»։

Բացի այդ, ՀՀ ԿԳՆ-ն կամ Արայիկ Հարությունյանն անձամբ որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել, երբ դպրոցահասակ փոքր երեխաները «ROB KILLER» և «ՑՄԱՀ» պաստառներով  դպրոցում գտնվելու փոխարեն մասնակցում էին Ռոբերտ Քոչարյանի դատավարության կապակցությամբ վերջինիս դեմ կազմակերպված ցույցերին։

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Արայիկ Հարությունյանը և վերջինիս քաղաքական թիմը անգամ դպրոցական երեխաների՝ տարբեր ակցիաներին մասնակցելու վերաբերյալ հայտարարություններով հանդես գալիս առաջնորդվում են քաղաքական նպատակահարմարությամբ. երբ իրենց ձեռնտու է, կոչ են անում դասադուլ անել, երբ դասադուլը բխում է իրենց շահերից, կարելի է լռել, իսկ երբ դեմ է իրենց շահերին, ուրեմն պետք է «մտահոգվել»։

Տվյալ պարագայում մենք գործ ունենք երկակի ստանդարտներով առաջնորդվող իշխանության և դրա ներկայացուցչի հետ, երբ սեփական շահերը սպասարկելու նպատակով կարելի է դիմել ցանկացած քայլի  և հատել «թույլատրելիի» սահմանները, այդ թվում՝ մանկահասակ երեխաներին մասնակից դարձնել քաղաքական գործընթացներին։

Նման գործելաոճը լիովին բնութագրում է ներկայիս  իշխանության արժեհամակարգը և անսկզբունքայնությունը, և այս տեսանկյունից իշխանությունը ունի լուրջ խնդիրներ, քանի որ բախվելով իր կողմից ստեղծած խաղի կանոններին՝ «ընկնում է իր կողմից փորված փոսը»:

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն