Պոպուլիզմը` «հետհեղափոխական» Հայաստանի գաղափարախոսություն

article-image

«Հեղափոխական» Հայաստանում քիչ չեն դեպքերը, երբ ժողովրդի կողմից լայն աջակցություն ստանալու համար «հեղափոխական» առաջնորդները հանդես են եկել մի շարք պոպուլիստական ելույթներով, որոնք թեև ներկայացվում էին որպես ժողովրդի բարեկեցությանն ու ժողովրդավարական պետության կառուցմանն ուղղված հայտարարություններ, այնուամենայնիվ, չէին համապատասխանում իրենց կողմից որդեգրած գործողությունների ծրագրին։  Նման հայտարարությունները նախ և առաջ ուղղված են լինում իշխանական դիրքի պահպանմանը, որին հասնելու համար պոպուլիստները վարում են բարի և չար, լավ և վատ, սև ու սպիտակ ուժերի տարանջատման քաղաքականություն, ինչը ժողովրդին դրդում է աջակցելու բարի և լավ ուժերին։ 

Պոպուլիզմը` որպես գաղափարախոսություն, հռետորաբանություն և քաղաքական ռազմավարություն

«Պոպուլիզմ» բառը ծագում է լատ․ «populous» բառից, որը նշանակում է «ժողովուրդ»։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ պոպուլիզմ հասկացությունը սերտ առնչություն ունի ժողովրդավարության հետ, որը իրենից ենթադրում է ժողովրդի իշխանություն, սակայն դա այդպես չէ։

Պոպուլիզմը հաճախ դիտարկում են որպես՝

  • Գաղափարախոսություն. Պոպուլիզմի` որպես գաղափարախոսության հիմքում ընկած է մարդկանց կամքի արտահայտումը, որն իր վրա է վերցնում պոպուլիստական առաջնորդը։ Այս գաղափարախոսությունը տարանջատում է հասարակության մեջ երկու խումբ՝ աղքատ ժողովուրդ և կոռուպացված էլիտա։ Հեղափոխության գլխավոր նպատակներից էր կոռուպցիայի դեմ պայքարը, որը հանգեցրեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի, Պետական եկամուտների կոմիտեի երեք աշխատակցի և այլոց կալանավորմանը, սակայն այդպես էլ չիրականացավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի  հայտարարությունը, ըստ որի` «2019թ․ ՀՀ-ում ծայրահեղ աղքատ մարդ չի լինելու» և հետևաբար չհանգեցրեց սոցիալական բարեկեցության` հարուստների և աղքատների մակարդակների միջև առկա կտրուկ տարբերության նվազմանը։
  • Հռետորաբանություն։ Պոպուլիզմի` որպես հռետորաբանության հիմքում ընկած է բարոյական և ազգային պայքարը ժողովրդի և օլիգարխիայի միջև։ Սրա իրականացման հիմնական ձևը ելույթներն են, որտեղ սովորաբար առկա է հակվածությունը փոփոխություններին, իսկ հետագայում դրանց իրականացման անսկզբունքայնությունը։ Բացի այդ, պոպուլիստները իրենց խոսքը կառուցում են պարզ ու հասարակ՝ խուսափելով բարդ մասնագիտական ձևակերպումներից, որոնք կարող են անհասկանալի լինել հասարակության համար։ Սակայն պարզ խոսքը իրենից ենթադրում է ոչ թե խոսք, որը պարունակում է մասնագիտական բառապաշար և հասանելի է հասարակության լայն զանգվածների համար, այլ պոպուլիստական արտահայտությունների կիրառում զգալի քանակով։ Պոպուլիստական հռետորաբանությանը բնորոշ է աղճատված տեղեկատվության տարածումը։ Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը ցույց տալու համար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Հայաստանում այլևս կոռուպցիա չկա»։ Պետք է նշել, որ պետությունում կոռուպցիայի ամբողջական բացակայությունը մասնագիտական տեսանկյունից անհեթեթություն է, քանի որ անհնար է պետությունում հասնել կոռուպցիայի ամբողջական վերացմանը, սակայն հնարավոր է նվազեցնել պետությունում առկա կոռուպցիայի մակարդակը։ Եվ պատահական չէ, որ որոշ ժամանակ անց վարչապետը հանդես էր եկել մեկ այլ հայտարարությամբ, ըստ որի՝ «էսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են, և էն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ, դրա ամենաուղիղ ապացույցն է»։ Այս հայտարարությանը հաջորդել էր նաև ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի  արձանագրումը, որ Հայաստանում կոռուպցիա կա։
  • Քաղաքական ռազմավարություն։ Պոպուլիզմի` որպես ռազմավարության հիմքում ընկած է վերականգնողական քաղաքականությունը, ռեսուրսների վերաբաշխումը։ Ավելին, առկա ինստիտուտները դիտարկվում են որպես նախկին էլիտաների շահերի սպասարկողներ, ուստի կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները սկսվում են դիտարկվել որպես ոչ անհրաժեշտ միջոցներ քաղաքական գործընթացում։ Նմանատիպ օրինակ են Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերները, որոնք վկայում են այն մասին, որ թեև Հայաստանում գործում է ներկայացուցչական ժողովրդավարության մոդել, որի առանցքային դերակատարները կուսակցություններն են, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը նախընտրում է շփվել ժողովրդի հետ առանց որևէ «միջնորդների»` «երես առ երես»։ Արդյունքում ի հայտ է գալիս իշխանության`մեկ անձի ձեռքում կենտրոնացվածության խնդիրը, որը հանգեցնում է կամ միակուսակցական, կամ կեղծ բազմակուսակցական համակարգի ձևավորմանը։

Այսպիսով, պոպուլիզմը քաղաքականության այնպիսի իրագործումն է, որն ունի բնակչության զգալի հատվածի աջակցությունը (որպես կանոն, քաղաքականապես մեկուսացված անձինք), սակայն վնասում է բնակչության մեծամասնության սոցիալ-տնտեսական շահերին։ Այլ կերպ ասած` թեև պոպուլիզմը ուղղված է կոռուպացված էլիտայի դեմ, այն չի նպաստում ամբողջ ժողովրդի սոցիալ-տնտեսական բարեկեցության մակարդակի բարձրացմանը։

Պոպուլիստ առաջնորդներին բնորոշ հատկանիշները

Որպես կանոն` Ժողովրդավարության վրա պոպուլիզմը բացասական ազդեցություն է ունեում, ինչի մասին վկայում են պոպուլիստ առաջնորդների գործողությունները։ Պոպուլիստներին բնորոշ է՝

  • Հասարակության ներսում քաղաքական բևեռացվածության առաջացումը, որի արդյունքում ի հայտ են գալիս երկու հակադիր խումբ՝ «մենք», ովքեր աջակցում են պոպուլիստ առաջնորդին և «նրանք», ովքեր աջակցում են նախկին էլիտային, կամ պարզապես կողմ չեն պոպուլիստ կառավարությանը։ Նմանատիպ դասակարգում առկա է նաև «հեղափոխական» Հայաստանում, մասնավորապես, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ասել էր, որ «Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր, և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են։ Որովհետև մենք և մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ-որ ամբիցիաներ չունի»։
  • Աջակիցների միջև միասնականության աճը: Աջակիցները առաջնորդվում են ընդհանուր կանոններով, որտեղ ցանկացած տեսակի շեղում դիտարկվում է որպես դավաճանություն։ Այսպես խախտվում է ոչ միայն բազմակարծության, այլև մարդկանց հավասարության սկզբունքը՝ նախապատվություն տալով միասնականությանը։ Պոպուլիստները ձգտում են հասարակության մեջ ստեղծել ոչ թե քաղաքացի, այլ հետևորդ։ Ինչպես երևում է վերը բերված օրինակից, այն քաղաքացիները, որոնք «հեղափոխության» ընթացքում չէին աջակցում Նիկոլ Փաշինյանին կամ չէին դիտարկում նրան որպես ժողովրդի թեկնածու, որպես կանոն, ազգի դավաճան էին համարվում։
  • Պետություն-քաղաքացի շփման մեծացումը՝ թուլացնելով ներկայացուցչական ինստիտուտների դերակատարությունը։ Պոպուլիստները ներկայացուցչական ժողովրդավարության փոխարեն սովորաբար նախընտրում են հասարակության հետ ուղղակի շփումը, ինչը նպաստում է ժողովրդավար ինստիտուտների՝ կուսակցությունների ապահամակարգայանացմանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի հետ շփման ձևի նախապատվությունը տալիս է անմիջական շփմանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերների տեսքով` դրանով իսկ երկրորդական տեղ հատկացնելով իշխող դաշինքի և մյուս դերակատարների ներկայացուցչական դերակատարությանը։
  • Իրենց որպես ժողովրդի թեկնածու հռչակումը։ Պոպուլիստները խարիզմատիկ առաջնորդներ են, որոնք աջակցողների շրջանակում դիտարկվում են որպես մարգարեական կերպար։ Խարիզմատիկ առաջնորդները հուզական քաղաքականություն են վարում: Սակայն իշխանություն ձեռք բերելուց հետո նրանք սկսում են վարել նախկին էլիտաների նույն կամ ավելի վատ քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանը «հեղափոխական» Հայաստանում դիտարկվում էր ոչ միայն որպես ժողովրդի թեկնածու, այլև խոսվում էր ապագայում մեր մեծերի կողքին Փաշինյանին սրբադասելու է մասին։ Անկախ այս բնորոշումներից` իշխանություն ձեռք բերելուց հետո Նիկոլ Փաշինյանը շարունակել է հանդես գալ մի շարք ապատեղեկատվություններով և մանիպուլյացիաներով («Հայաստանում այժմ կոռուպցիա չկա», «Հայաստանում չկա շաքարավազի մենաշնորհ», «Ժամանակակից աշխարհում Հայաստանը անառարկելիորեն համարվում է ժողովրդավարական երկիր», «ՀՀ-ն այլևս աղքատության երկիր չէ», «Ոչ մի վենդետա չի լինելու» և այլն)։
  • Հավատը, որ իրենք իշխելու լիազորություն են ստացել ժողովրդի կողմից և ժողովրդավար առաջնորդներ են։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ պոպուլիստները իրենց քաղաքականության հիմքում դնում են ժողովրդի մասանակցությունը քաղաքական որոշումների ընդունման գործընթացում։ Պոպուլիստները ձգտում են գործողություններում թափանցիկության ապահովմանը, սակայն մի շարք ոլորտներում թափանցիկության ապահովումը կարող է սպառնալիք հանդիսանալ պետության անվտանգության համար։ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ելույթում նշել էր, որ «Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և ես ուզում եմ ասել հետևյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհավատամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե՞ չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա: Դուք եք բարձրագույն իշխանությունը և որոշողը, և սրանում որևէ կասկած չի կարող լինել»։ Բացի այդ Փաշինյանը նշել էր, որ «Ես ասել եմ, որ պատրաստ եմ լիարժեք Ղարաբաղի հարցով բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը»։ Ստացվում է` Ղարաբաղի հարցի լուծման գործընթացում Արցախի Հանրապետությունը ոչ միայն չի կարող լիարժեք բանակցել իր անունից, քանի որ չի հանդիսանում բանակցային կողմ, այլ նաև հրապարակում հավաքված ժողովրդի կամարտահայտությանը ավելի մեծ տեղ է հատկացվում, քան հակամարտության անմիջական կողմ հանդիսացող՝ Արցախի ամբողջ ժողովրդին։
  • Գործողությունների հետևանքների անկանխատեսելիությունը։ Պոպուլիստները, որպես կանոն, իրենց գործողություններում անդրադարձ չեն կատարում հնարավոր հետևանքներին։ Նրանք շարժվում են այն տրամաբանությամբ, որ ոչ մի արգելք չպետք է լինի մարդկանց կամքի արտահայտման ուղու վրա, սակայն որպես արգելք կարող են դիտարկվել նաև այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ օրենքի գերակայությունը, փոքրամասնությունների իրավունքները, զսպումների և հակակշիռների մեխանիզմը և այլն։ Նմանատիպ օրինակներից է Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների շենքերի մուտքերի արգելափակումը, որին մասնակցել էին նաև «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ՝ Վարազդատ Կարապետյանը, Գևորգ Պապոյանը, Մարիա Կարապետյանը, Լուսինե Բադալյանը, Արմեն Փամբուխչյանը, Սոնա Ղազարյանը, Քրիստինե Պողոսյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Վահագն Հովակիմյանը և այլոք։ Նշենք, որ դատարանների շենքերի մուտքերի արգելափակումը համարվում է իշխանությունների տարանջատման սկզբունքի և «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների խախտում։

Պոպուլիզմի մթնոլորտում սկսում է ձևավորվել նաև հովանավորչական համակարգը (spoils system), որի ժամանակ կուսակցության առաջնորդը, հաղթելով ընտրություններում, պետական քաղաքացիական ծառայության աշխատատեղերը բաշխում է իրեն աջակցողների, ընկերների,  բարեկամների միջև` որպես պարգևավճար աջակցության և հաղթանակ տանելու համար։ Ի տարբերություն այս համակարգի` ժողովրդավարության պայմաններում ավելի նախընտրելի է արժանիների համակարգը (merit system), որտեղ պետական պաշտոնները բաշխում են` ըստ մարդկանց ունեցած ընդունակությունների՝ անկախ սոցիալական ծագումից և ֆինանսական կարողություններից։ Արդյունքում պոպուլիստական մթնոլորտը հանգեցնում է քաղաքական անկայունությանը և ընտրողների կողմից անտարբերությանը, քանի որ պոպուլիստական կառավարության կողմից տրված ոչ իրական, մարգարեական խոստումների չիրականացումը կամ իրականացման անկարողությունը, անգամ մեծ ցանկության դեպքում, առաջացնում են կառավարության և ինստիտուտների հանդեպ հասարակության անհավատարմությունն ու անվստահությունը։

Ամփոփելով, կարող ենք ասել, որ պոպուլիզմը տեղի է ունենում ժողովրդավարության քողի տակ, սակայն բնույթով այն հակաժողովրդավարական է և վկայում է պետությունում առկա ժողովրդավարության ինստիտուտների ցածր լեգիտիմության մասին։ Պետությունում առկա պոպուլիզմի հաղթահարումը պետք է տեղի ունենա բազմակարծության և ներկայացուցչական ինստիտուտների դերակատարության բարձրացման միջոցով։

 

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

 

Աղբյուրներ

  • Acemoglu D., Egorov G., Sonin K., A Political Theory of Populism, The Quarterly Journal of Economics, 2013, № 2, pp. 771–805.
  • Flores I., The Problem of Democracy in Contexts of Polarization, Georgetown Public Law and Legal Theory Research Paper, 2013, № 13-017, pp. 2-26.
  • Gidron N., Bonikowski B., Varieties of Populism: Literature Review and Research Agenda, Weatherhead Center for international affairs, 2013, № 13-0004, pp. 1-38.
  • Torres V., The Impact of "Populism" on Social, Political, and Economic Development in the Hemisphere, FOCAL Policy Paper, 2006, pp. 1-18.
  • Wirth W., Esser F., Wettstein M., Engesser S., Wirz D., Schulz A., Ernst N., Büchel F., Caramani D., Manucci L., Steenbergen M., Bernhard L., Weber E., Hänggli R., Dalmus., Schemer C., Müller P.,  The appeal of populist ideas, strategies and styles: A theoretical model and research design for analyzing populist political communication, National Centre of Competence in Research (NCCR) Challenges to Democracy in the 21st Century, 2016, № 88, pp. 2-60.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն