Երևանի քաղաքապետի որոշմամբ Նոր Նորքում շինության քանդման շուրջ ստեղծված իրավիճակը և ներկայացվող մանիպուլյացիաները

article-image

Սեպտեմբերի 15-ին «Aravot.am» լրատվականը «Քաղաքացին հաղթեց քաղաքապետարանին» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ «Անի-97» ընկերության հայցը ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ «Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի թիվ 1/3 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված շինությունը քանդելու մասին» թիվ 3345-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով, բավարարվել է առաջին ատյանի դատարանի կողմից։

«Datalex» դատական տեղեկատվական համակարգում գտնում ենք ՎԴ/10829/05/18 համարով դատական գործը, որտեղ նշվում է, որ հայցվոր «Անի-97» ընկերության հայցը ընդդեմ Երևանի քաղաքապետարանի բավարարվել է և ուժի մեջ է մտնում վճռի հրապարակումից մեկ ամիս անց և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

Դեռևս նախորդ տարվա հոկտեմբերի 29-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում էր ստորագրել Նոր Նորքի վարչական շրջանի Գյուրջյան փողոցի հ․ 1/3 հասցեում գտնվող երկհարկանի կիսաավարտ քարե շինությունը քանդելու մասին։

Արդեն նոյեմբերի 12-ին շինության քանդման աշխատանքները սկսվել էին։ Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ նշում էր, որ «Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում կառուցվող ապօրինի շինության (ընդհանուր շուրջ 1100քմ) միայն մի մասն է այսօր քանդվել: Շինարարությունն իրականացվում է մի տարածքի վրա, որի մի մասը գտնվում է մասնավոր սեփականություն, մյուս մասը՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում: Քանդվել է երկրորդ հատվածը:»։

«Անի-97» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս տնօրեն Դավիթ Ահարոնյանի, դիմել է վարչական դատարան՝ քաղաքապետի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով։ Հունիսի 10-ի վճռով դատարանը բավարարել է հայցը։ Երևանի քաղաքապետարանը հուլիսին բողոքարկել է առաջին ատյանի վճիռը։

Հետաքրքիր դրվագների ենք հանդիպում դատական վճիռը ուսումնասիրելիս։ Մասնավորապես նշվում է․ «Վերոգրյալ իրավական նորմերի և սույն գործի փաստերի համադրման արդյունքում Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վարչական վարույթի հարուցման մասին Ընկերությունը՝ որպես վարչական ակտի հասցեատեր, չի ծանուցվել, իսկ վարչական վարույթի ընթացիկ փուլն անցկացվել է առանց Ընկերությանը դրա մասին պատշաճ ծանուցելու: Դատարանն արձանագրում է, որ պատասխանողի կողմից Դատարան են ներկայացվել վարչական վարույթի նյութերը, որոնցում, սակայն, վիճարկվող որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացած վարչական վարույթի, ինչպես նաև ընթացիկ փուլ անցկացնելու մասին Ընկերությանը ծանուցած լինելու վերաբերյալ որևէ ապացույց առկա չէ, որպիսի պայմաններում հաստատվում են վարչական վարույթի հարուցման, ինչպես նաև վարչական վարույթի ընթացիկ փուլի անցկացման մասին Ընկերությանը չծանուցելու հանգամանքները: Բացի այդ, նշված փաստերը չեն վիճարկվել նաև պատասխանողի կողմից, ուստի չվիճարկվելու պայմաններում ապացուցման կարիք չունեն: Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի 17.10.2018 թվականի թիվ 19/22035 գրությանը, ապա Դատարանն արձանագրում է, որ դրանով Ընկերությունը չի ծանուցվել ինքնակամ կառույցի օրինականացմանը վերաբերող վարույթի վերառերյալ, այլ դրանով առաջարկվել է անհապաղ կասեցնել իրականացվող անօրինական շինարարական աշխատանքները, քանդել ինքնակամ իրականացված կառույցը՝ միաժամանակ հայտնելով, որ որևէ միջոց չձեռնարկելու դեպքում Երևանի քաղաքապետարանի կողմից կձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ ինքնակամ կառույցը քանդելու ուղղությամբ:․․․ Վերը նշված փաստերի համադրման և իրավական վերլուծությունների արդյունքում Դատարանը գտնում է, որ վարչական մարմինը վարչական վարույթին Ընկերությանը պատշաճ ծանուցելու իր պարտականությունը չի իրականացրել, ինչի արդյունքում չի ապահովել Ընկերության լսված լինելու իրավունքը՝ զրկելով վարչական վարույթի մասնակցին լիարժեք իրականացնելու իր իրավունքների ու ազատությունների արդյունավետ պաշտպանությունը

Անդրադառնալով նաև հայցվորի փաստարկներին՝ դատարանը արձանագրել է, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի վերլուծությունից հետևում է, որ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը. միաժամանակ չօրինականացված ինքնակամ կառույցը ենթակա է քանդման պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են:

Սույն գործի փաստերից հետևում է, որ վեճի առարկա հանդիսացող Երևան քաղաքի Նոր Նորքի Գյուրջյան փողոցի 1/3 հասցեի անշարժ գույքն Ընկերությանը պատկանում է 0,0972 հա սեփականության իրավունքով, իսկ 0,016 հա վարձակալության իրավունքով: Այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը, հանդիսանալով 0,016 հա հողատարածքի սեփականատեր, իրավունք ուներ քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը. միևնույն ժամանակ, Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 0,0972 հա հողամասի վրա առկա ինքնակամ կառույցը ենթակա է քանդման բացառապես համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով՝ իրավունքների և օրենքով պահպանվող շահերի խախտման դեպքում։ Տվյալ դեպքում Դատարանը կրկին փաստում է, որ Երևանի քաղաքապետարանը չի ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ չպարզելով նաև այն փաստական հանգամանքը, թե Երևան քաղաքի Նոր Նորքի Գյուրջյան փողոցի 1/3 հասցեում առկա ինքնակամ կառույցը որքանով է կառուցված Ընկերության և որքանով համայնքին պատկանող հողամասի սահմաններում, ըստ այդմ` չպարզելով նաև ինքնակամ կառույցը քանդելու իրավունքի առկայության կամ այն դատական կարգով քանդման ենթակա լինելու հանգամանքները:

Դատարանն արձանագրում է, որ Երևանի քաղաքապետի վիճարկվող 29.10.2018 թվականի թիվ 3345-Ա որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ։

Դատական այս վճիռը բավական աժիոտաժ ստեղծեց սոցիալական ցանցերում։ Մասնավորապես Հայկ Մարությանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որով ասում է, որ «քաղաքապետարանը 3345-Ա որոշման հիման վրա ոչինչ չի քանդել։

Շինության՝ համայնքային հողի վրա գտնվող մասը քանդվել է քաղաքապետի 12.11.2018թ 3395-Ա որոշման հիման վրա, որը չի բողոքարկվել։»՝ միաժամանակ մեղադրելով լրատվամիջոցին խեղաթյուրված տեղեկատվություն հրապարակելու համար։ (Քաղաքապետարանի որոշումները՝ 3345-Ա, 3395-Ա)

Թվում է, թե Հակոբ Կարապետյանի բերած փաստարկները բավարար են քաղաքապետարանի ճշմարտացիության մեջ համոզվելու համար, այնինչ վերը նշված դատական վճռի մեջ դատարանը փաստում էր, որ «Երևանի քաղաքապետարանը չի ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ չպարզելով նաև այն փաստական հանգամանքը, թե Երևան քաղաքի Նոր Նորքի Գյուրջյան փողոցի 1/3 հասցեում առկա ինքնակամ կառույցը որքանով է կառուցված Ընկերության և որքանով համայնքին պատկանող հողամասի սահմաններում, ըստ այդմ` չպարզելով նաև ինքնակամ կառույցը քանդելու իրավունքի առկայության կամ այն դատական կարգով քանդման ենթակա լինելու հանգամանքները:»։  

Հարկ ենք համարում նշել, որ և՛ լրատվամիջոցում, և՛ Հակոբ Կարապետյանի գրառումներում կան կիսատ և ընդհանրական տեղեկություններ։

Նախ պետք է նշել, որ «Առավոտ» լրատվականը տվյալ հրապարակման մեջ չի նշել, որ առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկվել է, հետևաբար, վճիռը օրինական ուժի մեջ չի մտել։

Հղում կատարելով առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած վճռին՝ կարող ենք փաստել, որ քաղաքապետարանը այդպես էլ չի կարողացել ապացուցել, որ «Անի-97» ՍՊԸ-ի կողմից կառուցված շենքը գտնվում է համայնքին պատկանող հողամասի սահմաններում՝ այսպիսով հիմնավորելով նաև հայցվորի փաստարկները։

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն