Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարանի ներդրումային ծրագիրը մեծ հավանականությամբ կչեղարկվի. «ԱՐՄՈՆ» ընկերության տնօրեն

article-image

Օրերս տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ «ԱՐՄՈՆ» ընկերությունը պատրաստվում է չեղարկել Արարատի մարզում նախատեսվող ներդրումային ծրագիրը: Խոսքը մեծ աղմուկ բարձրացրած կոկորդիլոսաբուծարանի մասին է, որի ստեղծման մասին հայտնել էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը իր գործունեության  100-րդ օրն ամփոփող ասուլիսի ընթացքում: Ասուլիսը տեղի է ունեցել 2018թ. սեպտեմբերի 14-ին՝ մոտ մեկ տարի առաջ: Սակայն հանրության շրջանում բուռն արձագանք ստացած ծրագիրը մեծ հավանականությամբ չեղարկվելու է:

AntiFake.am-ի հետ զրույցում «ԱՐՄՈՆ» ընկերության տնօրեն Խաչատուր Սարգսյանը, անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, հաստատեց ծրագրի հնարավոր չեղարկման լուրերը: Սարգսյանի խոսքերով՝ որոշակի քաշքշուքները, այն է՝ «հին օրենքները», ժամանակային մեծ կորուստը, ներդրողների համար խոչընդոտ են հանդիսանում: «Ներդրումային ծրագրի աշխատանքները սկսվել են երկու տարի առաջ, սակայն արդյունքները տեսանելի չեն», - ասում է Սարգսյանը:

Ըստ Խաչատուր Սարգսյանի՝ ներդրումային ծրագրերի համար խնդիրները համակարգային են։ «Նամակ ենք գրում, երկու շաբաթ սպասում պատասխանի, պատասխանից հետո նորից նամակ ես գրում, արագություն չկա, միջին օղակներում հետաքրքրություն չկա: Ճիշտ է վերին օղակներում ցանկությունը մեծ է, սակայն միջին օղակներում (խոսքը տարբեր նախարարությունների և կառույցների մասին է) առհասարակ ցանկություն չունեն գործ անելու և ներդրումներ բերելու: … Գումարը պատրաստ է, բայց մենք  հրաժարվում ենք, վերջնական չենք որոշել, բայց չեղարկման հավականությունը ավելի մեծ է..», - մանրամասնեց Խաչատուր Սարգսյանը։

Այն հարցին, թե տվյալ ներդրումային ծրագրի չեղարկումը կարող է թույլ տալ տվյալ ծրագրի համար նախատեսված գումարը օգտագործել այլ ծրագրի համար, թե ոչ, Սարգսյանը պատասխանեց. «Եթե մի բան չենք անելու, այլ բան ինչպես անենք,  այսինքն առհասարակ մենք հրաժարվելու ենք  ներդրումներ անելուց»։

Խաչատուր Սարգսյանը ներդրումային ծրագրի չեղարկման պատճառ է համարում նաև բնապահպանների առարկությունները այս ծրագրի շուրջ:

Ներդրումային ծրագրի հնարավոր չեղարկման մասին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը դեռևս ակնարկել էր հունիսին և ներդրումային ծրագրի չեղարկումը կապել բնապահպանների աչքով տալու հետ:

Ներդրումային ծրագրի չեղարկման հարցով AntiFake.am-ը փորձեց կապ հաստատել նաև մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, սակայն մարզպետարանում հեռախոսը այդպես էլ նրան չփոխանցեցին, իսկ 1-2 րոպե խլող հարցադրման համար առաջարկեցին էլեկտրոնային փոստին նամակ ուղարկել և խոսք տվեցին պատասխանել հնարավորինս շուտ, սակայն մինչ այս պահը՝ 3 օր անց, պատասխան նամակ չենք ստացել:

Իսկ թե ինչ բնապահպանական խնդիրների մասին էին բարձրաձայնում բնապահպանները, և արդյոք շահութաբեր կլիներ տվյալ ներդրումային ծրագրի իրագործումը Հայաստանի պայմաններում, կարող եք կարդալ մեր նախորդ հրապարակումներում: (1, 2):

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն