Հայկական բնապահպանական ճակատը այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 18:30-ին նախատեսում է երթ իրականացնել «Երթ Ամուլսարի համար. ոչ մի հետքայլ» կարգախոսով։ Ակցիայի երթուղին մեկնարկելու է ԱԺ հանրային այգուց։
Ժամը մոտ 17:00-ից Ազգային ժողովի մոտակայքում, մասնավորապես Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մերձակայքում տեղակայվել են ոստիկանական ուժեր, մասնավորապես՝ «ՊԱԶ» մակնիշի մի քանի ավտոբուսով ոստիկաններ և ոստիկանական մեքենաներ։ Այս պահին ոստիկանական ուժերի թիվն այդ հատվածում ավելանում է։
Բացի այդ, ոստիկանները փակել են Ազգային ժողովի դարպասները, իսկ բակում ոստիկանների թիվը սովորականից շատ է։