«Հրապարակից բանակցողը». պատմություն, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբեց հայ հասարակությանը

article-image

2018 թվականի օգոստոսի 17-ին, երբ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում բազմամարդ հանրահավաքով ամփոփում էր իր կառավարման 100 օրը, հայտարարեց.

«Ես ասել եմ, որ պատրաստ եմ լիարժեք Ղարաբաղի հարցով բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը: Բայց ուզում եմ ասել, հաստատեք իմ ասածը, որ մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի: Բայց մենք նաև պատերազմ չենք ուզում: Մենք պատրաստ ենք իսկապես խաղաղ բանակցությունների, մենք պատրաստ ենք հասնել խաղաղ կարգավորման, բայց նա, ով փորձում է ինձ վրա որևէ կասկած գցել, էլի եմ ասում, նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ: Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և ես ուզում եմ ասել հետևյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհավատամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա: Դուք եք բարձրագույն իշխանությունը և որոշողը, և սրանում որևէ կասկած չի կարող լինել»:

2020 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության խորհրդարանի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում նշում է.

«Գիտեք, որ տարածաշրջանում, ցավոք, բավական լարված իրավիճակ է հաստատված: Ըստ էության, մենք բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր ունենք, և շատ կարևոր է արձանագրել, թե ինչն է խանգարում այդ գործընթացի արդյունավետ լինելուն: Այս վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մեզ մեղադրել բանակցությունները վիժեցնելու մեջ՝ այն տրամաբանությամբ, որ մենք արել ենք և անում ենք հայտարարություններ, որոնք անիմաստ են դարձնում բանակցությունները:… Հրապարակային եմ ասել, մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Ղարաբաղի հարցը չունի ուժային լուծում: Եթե Ղարաբաղի հարցն ունի ուժային լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կասի՝ ես վաղուց դա լուծել, ավարտել եմ: Վերջ: Էլ ինչ ենք քննարկում: Բայց մենք ասում ենք՝ ոչ: Մենք համաձայն ենք, որ պետք է երկարատև, կայուն խաղաղություն հաստատվի տարածաշրջանում, և դրա համար առաջարկում ենք բանաձև, որևէ լուծում: Սա Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ղեկավարների անձնական պատասխանատվությունն է, և մենք պետք է չարչարվենք, աշխատենք՝ գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Ընդ որում՝ թվարկումների հերթականությունն այստեղ բացարձակապես էական չէ: Մենք կարող ենք հակառակն ասել… բոլորը նույն հարթության վրա են:… Բայց, ցավոք, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ: Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:

Նախորդ երկու տարիների ընթացքում Հայաստանը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի կառավարության, հասցրեց մսխել բոլոր այն հաջողությունները, որոնք վաստակել էին նախորդ իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում: Մոռացվեցին շփման գծում միջազգային դիտորդական առաքելության և մոնիթորինգային մեխանիզմների ներդրման պայմանավորվածությունները, նվազեցվեց Արցախի սուբյեկտայնությունը, դաշտում Հայաստանի բացահայտ թողտվությամբ սկսեց որպես հակամարտության «կողմ» հանդես գալ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարը»:

Արձանագրենք, որ Ադրբեջանը նախկինում էլ «նեղսրտում էր», որ բանակցությունները ձախողված են, չեն արտահայտում հակամարտության կարգավորման իրական բնույթը: Սակայն Ալիևը նման հայտարարություն էր անում` միաժամանակ նշելով, որ «փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հատկապես, երբ հայկական դիվանագիտության առջև հսկայական հնարավորություններ էին ստեղծվել հակամարտության կարգավորման բանակցություններում շեշտակի հաջողություններ գրանցելու համար (և դրանք իսկապես իրականացվեցին), Ադրբեջանը միջազգային հանրության կողմից շարունակել է ընկալվել որպես ագրեսոր երկիր, որը նպատակուղղված ձևով ձգտում է հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով` սպառնալով Արցախի ժողովրդին:

Վերջերս ադրբեջանական կողմը իր բազմաթիվ պրոպագանդիստական հարթակներով` մի կողմից, պետական շրջանակներով` մյուս կողմից, Հայաստանին մեղադրում են, «աշխարհի մեղքերի» մեջ, Ադրբեջանի նախագահը նշում է ոչ պաշտոնական խողովակներով շփման, գաղտնի բանակցություններ վարման, հայկական կողմի խնդրանքների մասին:

Հետաքրքիր է, որ այսօր ԱՀ ԱԺ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չհերքեց ադրբեջանական հարթակի տեղեկատվությունը գաղտնի բանակցությունների մասին: Ավելին, նա անուղղակիորեն հորդորեց Ադրբեջանին «կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ» չտարածել` կարծես չցանկանալով ադրբեջանական կողմից գաղտնի տեղեկատվության հետագա արտահոսքը:

Հետաքրքիր է. երկրի առաջնորդը հրապարակում խմբված ժողովրդին հավաստիացնում է` «ոչ մի գաղտնի բանակցություն չի լինելու», «Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է», «որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ» և այլն, իսկ երկու տարի անց տեղեկություններ են հրապարակվում ոչ պաշտոնական խողովակներով, գաղտնի բանակցությունների մասին, որոնք չեն հերքվում ո՛չ երկրի ղեկավարի, ո՛չ ԱԳՆ-ի կողմից:

Ադրբեջանական տեղեկատվական հարթակում ներկայացված էր, թե ինչ էր իբրև պայմանավորվում Արսեն Խառատյանը ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ. փուլային տարբերակով տարածքների հանձնում, Արցախի ժամանակավոր կարգավիճակ և այլն: Նախորդ տարիներին, մասնավորապես` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, ներկայիս իշխանական-նախկինում ընդդիմադիրները մեղադրում էին իշխանություններին «հող հանձնելու», «Ապրիլյան պատերազմում պարտվելու» և «բանակցությունները ձախողելու» մեջ: Սերժ Սարգսյանի օրոք էլ են եղել ոչ հրապարակային տեղեկատվության հրապարակումներ, նաև` «հողերի հանձնման մասին»: Հիշենք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները, որտեղ նա պատմում էր Սերժ Սարգսյանի հետ ունեցած խոսակցության և Սերժ Սարգսյանի կոշտ արձագանքի մասին: Կարելի է պարզապես համեմատել այս գաղտնի տեղեկատվության օրինակների համարժեքությունը և համապատասխան եզրակացությունների գալ:

Հետաքրքիր է, թե երբ է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում հանրահավաք կազմակերպել Հանրապետության հրապարակում` ներկայացնելու, թե ինչ է քննարկել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ և ինչ «թուղթ է պատրաստվում ստորագրել»:

 

Հեղինակ` Մելինե Հայրապետյան

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն