Հայկ Կոնջորյանի մանիպուլյացիան և սուտը. Աննա Վարդապետյանն անուղղակիորեն հաստատել էր, որ գործել է լիազորությունների շրջանակից դուրս

article-image

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ Գլխավոր դատախազի պաշտոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրելու է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին:

Մինչ օգնականի պաշտոնում նշանակվելը Աննա Վարդապետյանը 2018 թվականից զբաղեցրել է արդարադատությայն նախարարի խորհրդականի, այնուհետև տեղակալի պաշտոնները: Վարչապետի օգնականի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի մարտին:

Աննա Վարդապետյանի անվան շուրջ սկանդալ ստեղծվեց, երբ 168.am կայքը հրապարակեց փաստեր, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության` հրահանգավորում հիմնական դերակատարներին։ Հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես է Աննա Վարդապետյանը քննիչից ստանում բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, հրահանգավորումներ տալիս Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյաններին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

Այդ ժամանակ Հայրապետյանների շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին, իսկ այդ ժամանակ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ հրապարակված տեղեկությունները ուսումնասիրվում են:

Հրապարակումներից պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի օգնականը, փաստորեն, հրահանգավորում է իրավապահ համակարգին` Նիկոլ Փաշինյանի գլխավոր հակառակորդների, նախորդ իշխանությունների և նրանց հետ կապված անձանց ներգրավվածությամբ քրեական գործերի շրջանակներում: Ռուբեն Հայրապետյանն էլ հայտարարել էր, որ «Աննա Վարդապետյանն իրավական բանդա է ղեկավարում»:

Այդ ժամանակ լրագրողների հետ զրույցում Աննա Վարդապետյանը ասել էր, թե ինքն ընդամենը մասնագիտական կարծիք է հայտնել:

«Իմ ամբողջ գործունեության ընթացքում, ես 15 տարի աշխատում եմ իրավական համակարգում, բոլոր իմ ընկերները, այդ թվում՝ փաստաբաններ, քննիչներ, դատախազներ, դատավորներ, մասնագիտական խորհրդատվության հետ կապված հարցեր ինձ հետ ունեցել են և շարունակում են ունենալ։ Իմ կարծիքը որևէ մեկի համար պարտադիր չէ, ես որևէ կերպ որևէ ազդեցություն չեմ ունենում որևէ հարցի վերաբերյալ, դա ինձ համար նաև մասնագիտական էթիկայի խնդիր է, և այդ շահարկումները երևի նպատակներ էին հետապնդում, որոնք ինձ համար հասկանալի չեն»,- ասել էր Վարդապետյանը: Լրագրողի դիտարկմանը, որ ինքը ոչ թե մասնավոր ընկերությունում է աշխատում, այլ վարչապետի խորհրդականն է, և, որ դա թույլ է տալիս պնդել, որ իր արարքն ուղիղ միջամտություն է արդարադատությանը, Վարդապետյանն այսպես է արձագանքել. «Ի պաշտոնե չի իրականացվել լիազորությունը, դա եղել է ուղղակի խնդրանքի հիման վրա, որը եկել է պաշտոնատար անձից՝ զուտ մասնագիտական կարծիք հարցնելու․․․»։

Լրիվ այլ հարց է, թե ինչ ընթացքում են այսօր վերոնշյալ ուսումնասիրությունները, որոնց մասին հայտարարել էր Սասուն Խաչատրյանը, սակայն Աննա Վարդապետյանը թեկուզև անուղղակիորեն ընդունել է, որ միջամտել է քրեական գործի ընթացքին, ուղղումներ մտցրել:

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որին լրագրողները հիշեցրին սկանդալի մասին, ստեց` նշելով, որ Աննա Վարդապետյանը գործում է իր լիազորությունների շրջանակներում, չնայած հենց Վարդապետյանն էր անուղղակիորեն հայտարարել դրա մասին` պատճառաբանելով, թե իր գործողությունները կատարել է ոչ ի պաշտոնե: Կոնջորյանը այնուհետև ասաց. «տիկին Վարդապետյանը մինչ այժմ բոլոր պրոցեսների ժամանակ գործել է իր լիազորությունների տիրույթում»` չհամաձայնելով լրագրողի այն դիտարկմանը, թե Վարդապետյանի գործողությունները վերջինիս լիազորություններից դուրս են` առաջարկելով ցանկացած պաշտոնյայի լիազորությունների շրջանակներում գործելու փաստը կասկածի դնելու դեպքում դիմեն իրավապահ համակարգին:

Կոնջորյանը այնուհետև սլաքներն ուղղեց զանգվածային լրատվության միջոցներին` նշելով, որ «յուրաքանչյուր հրապարակային անձ կարող է ենթարկվել ամենատարբեր թիրախավորումների»: «Շատ դեպքերում այսօրվա պաշտոնյաները անողոք թիրախավորումների տակ են հայտնվում, և դրանց բացարձակ մեծամասնությունը որևէ հիմք վերջում չի ունենում»,- հայտարարեց Կոնջորյանը:

Ստացվում է, որ Աննա Վարդապետյանը այսպես, թե այնպես ընդունել է, որ գործել է իր լիազորությունների շրջանակից դուրս, սակայն պատասխանատվության չի ենթարկվել, իսկ այսօր, երբ նա առաջադրվելու է ՀՀ Գլխավոր դատախազի պաշտոնում, ՔՊ-ական ամբողջ վերնախավը կլծվի Վարդապետյանին սրբացնելու և տարբեր մանիպուլյացիաներով ու ստերով արդարացնելու գործին:

 

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն