Պաշտոնյաները չեն ներկայացրել 2019թ. գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերը վերջնաժամկետի նախորդ օրվա դրությամբ

article-image

Պաշտոնյաները չեն ներկայացրել 2019թ. գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերը վերջնաժամկետի նախորդ օրվա դրությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքի հայտարարագրերի ռեեստրից։ Հիշեցնենք, որ ԿԿ հանձնաժողովի որոշմամբ 2019թ. տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը մարտի 31-ից երկարաձգվել էր մինչև մայիսի 31-ը։ Հանձնաժողովը տեղեկացրել էր, որ որոշումը պայմանավորված է համակարգի գործարկման ուշացմամբ, և նշել էր, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում (2020 թվականի մարտի 31-ի դրությամբ) հայտարարագիր չներկայացնելը հայտարարատու պաշտոնատար անձանց համար որևէ հետևանք չի առաջացնի։

Այս որոշումը մի շարք շահարկումների առիթ տվեց` մասնավորապես պայմանավորված նրանով, որ ըստ իրավաբանների` Հանձնաժողովը օրենքով նախատեսված ժամկետը երկարաձգելու իրավունք չուներ։ Ուստի՝ հասարակական-քաղաքական շրջանակներում որոշումը պայմանավորեցին Հանրաքվեին նախորդող քաղաքական նպատակահարմարությամբ։ 

Օրերս էլ հանձնաժողովը մեկ այլ հայտարարությամբ հիշեցրեց,  որ պաշտոնատար անձանց հայտարարագրերի լրացման և ԿԿՀ ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է, այն չի հետաձգվել և չի փոփոխվել։

Չնայած այն հանգամանքին, որ պաշտոնատար անձանց ընդամենը մեկ օր է մնացել իրենց և իրենց ընտանիքի անդամների տարեկան հայտարարագրերը ներկայացնելու համար՝ մինչ այս պահը դրանք չեն ներկայացվել։ Այդ պաշտոնյաների շարքում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, բոլոր նախարարները, բոլոր մարզպետները, պատգամավորները՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և փոխխոսնակների գլխավորությամբ, ինչպես նաև աշխատակազմերը, իրավապահ մարմինների ղեկավարները։ 

Թե ինչու՞ մինչ այս պահը պաշտոնատար անձինք չեն ներկայացրել իրենց հայտարարագրերը՝ դրանք թողնելով վերջին պահին, հայտնի չէ: Արդյո՞ք պաշտոնյաները հասցնելու են ներկայացնել իրենց և իրենց ընտանիքի անդամների տարեկան հայտարարագրերը մեկ օրվա ընթացքում, և արդյո՞ք այս պարագայում իրապես հայտարարագրերի ռեեստրի համակարգում խնդիր չի՞ առաջանա, հանձնաժողովը հանդես կգա՞ արդյոք ժամկետը երկարաձգելու կամ համակարգի խափանման մասին հայտարարությամբ՝ պարզ կդառնա վաղը՝ մայիսի 31-ին։ 

AntiFake.am-ը հետևում է հայտարարագրերի ռեեստրին՝ ստուգելու հայտարարագրերում ներկայացված տեղեկությունները, գույքի և եկամուտների ավելացումը, ինչի կապակցությամբ հանդես կգանք հրապարակումներով։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն