Հայաստանում գրանցվող կորոնավիրուսի դեպքերի շեշտակի աճին զուգահեռ` AntiFake.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից: Մեզ դիմած քաղաքացին պատմել է, որ ընտանիքի տարեց անդամի մոտ, որն ունի մի շարք խրոնիկ հիվանդություններ, օրեր առաջ կորոնավիրուս է ախտորոշվել։ Վարակակիրը ջերմում է և ունի երկկողմանի թոքաբորբ: Քաղաքացին նշում է, որ թե՛ ինքը, թե՛ վարակակիրը և ընտանիքի մյուս անդամները մշտապես պահպանել են կորոնավիրուսային անվտանգության ցուցումները։ Վերջիններս չգիտեն, թե ինչպես է վարակվել իրենց ընտանիքի տարեց անդամը, քանի որ նա միայն մթերային խանութ է գնացել և տուն վերադարձել՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։
Քաղաքացին նշում է, որ իրենք ամբողջ ընտանիքով անորոշության մեջ են. «Պարետատնից մեզ հետ դեռևս կապ չեն հաստատել և չեն ասել, թե երբ են գալու թեստավորելու»,- նշել է քաղաքացին: «Գնացել ենք խանութ, կատարել մի քանի օրվա գնումներ, որպեսզի տանից դուրս չգանք և սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել ենք տանը»,- տեղեկացրել է նա:
Մեզ դիմած քաղաքացին և իր ընտանիքի անդամները մտահոգվում են, որ գուցե իրենցից որևէ մեկից է վարակվել իրենց ընտանիքի տարեց անդամը, քանի որ իրենք տարիքով երիտասարդ են, իսկ երեխաները` մանկահասակ, որոնց մոտ հիվանդությունը մեծամասամբ անցնում է առանց ախտանիշերի։ Կասկածները փարատելու և թեստավորվելու մասին տեղեկանալու համար վերջիններս ավելի քան 2 օր է` սպասում են պարետատան զանգին, սակայն` ապարդյուն:
Հաշվի առնելով, որ վերջին շրջանում կորոնավիրուսով նոր վարակակվածների օրական դեպքերը հասնում են մի քանի հարյուրի, աչքի առաջ ունենալով նաև մեզ դիմած քաղաքացու դեպքը` կարող ենք փաստել, որ իշխանությունը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը թողել է ինքնահոսի։ Հաստատված կորոնավիրուսային վարակվածությամբ անձի ընտանիքի անդամներին 2 օր շարունակ չթեստավորելը և նրանց հետ կապ չհաստատելլը, թերևս, նկարագրում է պարետատան կողմից վարակի չվերահսկման հանգամանքը։
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան
Աղբյուր՝ AntiFake.am