Ամենաաղմկահարույց քրեական գործերն ու դրանք քննող միակ դատավորը. «երջանիկ» զուգադիպությու՞ն, թե՞ կանխորոշված դատավճիռ

article-image

2018թ. Հայաստանում իշխանության եկածների հայացքներն ու պատկերացումները շատ են տարբերվում նրանց «ընդդիմադիր» տարիների հռետորաբանությունից։ Հեղափոխական հարթակից սեր և հանդուրժողականություն քարոզողները շատ խոստումներ են տվել, որոնց թվում նաև վենդետա չանելու, դատական իշխանության գործունեությանը չմիջամտելու, դատավորների վրա ճնշումներ չգործադրելու և քաղաքական հետապնդումներ չիրականացնելու խոստումն էր։ Այնինչ գալով իշխանության նրանք այս հարցում էլ շարժվեցին այլ տրամաբանությամբ։

Բանաձևը հետևյալն է. ցանկացած «անհասկանալի» իրավիճակում պետք է «քավության նոխազ» գտնել ու «դատել», կամ ինչպես կասեր դասականը` բռնել, ամբաստանել, խայտառակել, բարոյապես ոչնչացնել ու բանտ ուղարկել։

Այս բանաձևի պրիզմայի ներքո էլ մենք ականատես ենք լինում իշխանության կանխատեսելի ու մշտապես մերժողի դիրքերից հանդես եկող վարքագծին՝ պոպուլիստական քայլերին ու ամբոխահաճո որոշումներին։ Այդ որոշումների մի մասն էլ քաղաքական կոմպոնենտների առկայության պարագայում վերաճում է քաղաքական դատական գործերի, որոնք այլևս չեն արդարացնում իրենց, քանի որ չեն ապահովում «շեղող շուոի» դերը և չեն սնում հասարակությանը։

Չնայած այդ հանգամանքին` իշխանությունները շարունակում են իրենց ոճի մեջ մնալ և կռիվ են տալիս «նախկինների» ստվերի հետ՝ մե՛կ բռնում են, մե՛կ բաց են թողնում այն «նախկիններին», որոնք «նորերի» հետ «գործարքների» չեն գնում և չեն կատարում վերջիններիս «օրինական» պահանջները:

Իշխանության կողմից հրահրվող «բռնոցու» իրականության մեջ առանձնահատուկ դեր և նշանակություն ունեն այն դատավորները, որոնք, «բռնաբարելով» մարդու իրավունքներն ու բոլոր օրենքները, կկատարեն իշխանության կամքը՝ թույլ տալով նրանց շարունակել իրենց խաղը՝ պայքարը «թշնամիների» և «հակահերոսների» դեմ: Այդ դատավորները նոր իշխանավորների կողմից արժանացել են «վնգստացողների» «պատվավոր» կոչմանը:
 


«Նոր» Հայաստանի ամենաաղմկահարույց քաղաքական-քրեական գործերն ու դրանք քննող միակ դատավորը. «երջանիկ» զուգադիպությու՞ն, թե՞ կանխորոշված դատավճիռ
 

Միքայել Մինասյանի գործը


«Նոր Հայաստանի» վերջին ամենաքննակված դեպքերից մեկը ՊԵԿ-ի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավումն էր ու նրա նկատմամբ հետախուզում հայտարարելը։ Միքայել Մինասյանը ներգրավվել է միանգամից 3 հոդվածով՝ ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար։

Ըստ Մինասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի՝ տեղի ունեցածը իրենց համար զավեշտ է. «Մինասյանն իր օրինական ծագում ունեցող գույքի վաճառքից ստացած օրինական եկամուտները փոխանցել է բանկային մի հաշվից մյուսին, ինչը վարույթն իրականացվող մարմնի կողմից դիտարկվել է որպես փողերի լվացում։ Բացի այդ, մի կազմակերպության աշխատակիցը, որին հանձնարարված է եղել կազմել և հանձնել Մինասյանի հայտարարագրերը, տեխնիկական վրիպակի հետևանքով մեկ գույքի վաճառքից ստացված եկամուտները ավել գումարով է հայտարարագրել։ Սա էլ դիտարկվել է որպես ապօրինի հարստացում»։

Մակինյանի խոսքերով՝ վարույթն իրականացնող մարմինն այնքան է սպասել, որ գործը մակագրվի հատուկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Մինասյանի նկատմամբ որպես կալանավորում խափանման միջոցը կիրառելու մասին միջնորդությունը, ըստ Մինասյանի մյուս պաշտպան Միհրան Պողոսյանի, միանգամայն «պատահականորեն» է մակագրվել դատավոր Արտուշ Գաբրիելյանին։

Նշենք, որ Մինասյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Գաբրիելյանին, և ինչպես ասում է փաստաբան Միհրան Պողոսյանը, Արտուշ Գաբրիելյանը ինքնաբացարկի միջնորդությունը մերժում է միայն մեկ հիմքով՝ չկա որևէ դատավոր, ով այս ապօրինի միջնորդությամբ կհամարձակվի քննչական մարմիններին ձեռնտու որոշում կայացնել։

Պողոսյանը տեղեկացրել է, որ Միքայել Մինասյանը ՀՀ-ում չի գտնվում. «Մենք այս պայմաններում նրան որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը նույնպես որակում ենք որպես քաղաքական պատվերի մաս։ Քրեական գործում որևէ  փաստաթուղթ չկա, որը ձեռք է բերվել նրան որպես մեղադրյալ ներգրավելուց անմիջապես առաջ՝ մարտի 16-ին, 17-ին։ Ինչո՞ւ է  նա մեղադրյալ ներգրավվում  Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց ընդամենը մեկ օր հետո, ո՞րն է այն ողջամիտ հնարավորությունը, որը վարույթն իրականացնող մարմինը կարող է մեզ ցույց տալ, որպեսզի Միքայել Մինասյանը վերադառնա Հայաստան ու մասնակցի, օրինակ, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ հարցի քննարկմանը»։

Անդրադառնալով Արտուշ Գաբրիելյանին՝ պաշտպանը հավելել է. «Բնականաբար, երևի  կարիք չկա հանրությանը տեղեկացնել, թե ով է ավելի բարյացակամ տրամադրված քննչական մարմինների հանդեպ, ով է թե՛ նախկին, թե՛ այս իշխանությունների ժամանակ հնչող գործերով պատրաստակամ կատարել իշխանության պահանջը, և գործն, այսպիսով մակագրվում է պարոն Արտուշ Գաբրիելյանին։ Այս պահին դեռևս խափանման միջոցի վերաբերյալ որոշում չունենք։ Կարծում ենք, որ պարոն Գաբրիելյանը, հաշվի առնելով նրա անձը,  որպես դատավոր իր վարքագիծը, որևէ պարագայում չի կարող օբյեկտիվ որոշում կայացնել։ Պատահական չէ, որ հենց նա է ընտրվել այս որոշումը կայացնելու համար»:
 

Մարտի 1-ի գործը՝ Վահագն Հարությունյանի մասով


Տեղեկացնենք, որ Միհրան Պողոսյանը նաև հանդիսանում է «Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանը և Հարությունյանի գործով կրկին առնչվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանի հետ։ Վերջինս բավարարել էր Հարությունյանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ առանց պաշտպանական կողմին դատական նիստին մասնակից դարձնելու։ Այս կապակցությամբ փաստաբանը դիմել էր Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողով՝ Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու խնդրանքով, ինչը բավարարվել է։

Ինչ վերաբերվում է «Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, ով որպես մեղադրյալ է ներգրավվել ապացույցներ կեղծելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, ապա նրա նկատմամբ Հայաստանում հետախուզում է հայտարարվել 2018թ. հոկտեմբերին, այնուհետև նա 2020թ. մարտի 15-ին  Ռուսաստանում ձերբակալվել է, իսկ հաջորդ օրը նրան մեղսագրվող արարքի համար ՌԴ օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով ազատ արձակվել։ Ինքը՝ Վահագն Հարությունյանը, անհիմն, ապօրինի և շինծու է որակել իրեն առաջադրված մեղադրանքը։
 

Արա Մինասյանի գործը


Նշենք նաև, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի՝ Միքայել Մինասյանի հոր, կալանավորման միջնորդությունը։ Արա Մինասյանը որպես մեղադրյալ անցնում է փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու գործով։ Վերջնիս նկատմամբ նույնպես հետախուզում էր հայտարարվել։
 

Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունը


Բացի Միքայել Մինասյանի, Արա Մինասյանի և Վահագն Հարությունյանի գործերը, դատավոր Արտուշ Գաբրիելյանին են բաժին հասել նոր Հայաստանի մնացած աղմկահարույց դատական գործերի մեծ մասը։

Մասնավորապես, մամուլում առկա տեղեկատվության համաձայն` դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ ՍԴ նախագահի խափանման միջոցը չբացակայելու մասին ստորագրությունն է։ Թովմասյանի պաշտպանական կողմը հայտարարել է, որ խախտվել է վերջինիս գործառութային անձեռնմխելությունն ու Թովմասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի որոշման դեմ բողոք ներկայացրել դատարան:
 

Նորայր Փանոսյանի գործը


Արտուշ Գաբրիելյանը բավարարել է նաև Հրայր Թովմասյանի սանիկի՝ ՀՀ Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանինկալանավորելու վերաբերյալ որոշումը։

Թովմասյանի սանիկին նույնպես պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքն է առաջադրվել: Նրան կալանավորել էին, ապա ազատ արձակել, ապա կրկին կալանավորել։

Նորայր Փանոսյանի պաշտպանները նույնպես միանշանակ չեն վերաբերվում դատավոր Արտուշ Գաբրիելյանին։  «Երբ իմացանք, որ Արտուշ Գաբրիելյանն է դատավորը, պաշտպաններով հասկացանք ու Նորայրին էլ ասացինք՝ գնալու ես նստես, Նորայր ջան, շանս չկա։  Նորայրին զգուշացրել ենք՝ նստած ես նրա համար, որ ինչ-որ մեկի հարազատն ես ու ընկերն ես, իսկ դա կարող է մի քիչ երկար տևել։ Մենք ունենք այսպիսի երկիր այսօր, որ դու կարող ես նստել, որովհետև մեկի ընկերն ես»,- ասել է Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
 

Գագիկ Խաչատրյանի գործը


Բացի վերը նշված դեպքերից` դատավոր Արտուշ Գաբրիելյանը իր մոտ կասկածի վերաբերյալ նյութերի բացակայության պարագայում, բավարարել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորման միջնորդությունը։ Այս ամենը փաստվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

Հիշեցնենք, որ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով 2019թ. օգոստոսին Գագիկ Խաչատրյանը ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի՝ Կարեն Խաչատրյանի հետ բերման է ենթարկվել և ձերբակալվել։ Նրանք շուրջ 7 ամիս է, ինչ գտնվում են կալանքի տակ:

Համաձայն Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խմբի տարածած հայտարարության՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում տարբեր պետական մարմինների կողմից մշտապես կոպիտ և բացահայտ կերպով խախտվել են Գագիկ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի իրավունքները, սակայն այս անօրինականությունները չեն սահմանափակվել բացառապես Գագիկ և Կարեն Խաչատրյաններով: Ներկայումս էլ անհիմն քրեական հետապնդումներ են սկսվել Գագիկ Խաչատրյանի որդիներ՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների, ինչպես նաև հորեղբոր որդի՝ Արամ Խաչատրյանի նկատմամբ։

Վերջերս էլ Գագիկ Խաչատրյանի որդիներից  Գուրգեն Խաչատրյանը, ում նկատմամբ ավելի ուշ հետախուզում էր հայտարարվել, հայտարարություն էր տարածել և տեղեկացրել, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել օտարել Ucom-ը:
 

Սամվել Մայրապետյանի գործը


Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ նաև բավարարվել է 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Մայրապետյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում։

Նախորդ տարվա հունվարին ՄԻԵԴ-ը ցուցում էր տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների, այդ թվում` տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ բժիշկ-մասնագետների` Սամվել Մայրապետյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէր իրականացնել, մասնավորապես` տրանսլյումինալ դրենավորման մեթոդի բացակայության պատճառով, ՄԻԵԴ որոշումից բխում էր, որ Սամվել Մայրապետյանին պետք էր թույլ տալ մեկնել Գերմանիա՝ այն հիվանդանոց, որտեղ նախկինում բուժվել է:

Մայրապետյանին բուժման նպատակով թույլ էր տրվել մեկնել արտերկիր, որտեղ նա գտնվում է շուրջ 1 տարի, սակայն վարույթն իրականացնող մարմնի կանչով վերջինս չի ներկայացել, իսկ անձնական երաշխավորություն ստանձնած անձինք չեն կարողացել ապահովել նրա ներկայանալը ՀՔԾ: Համաձայն մամուլում առկա տեղեկատվության՝ Մայրապետյանը 2019թ. հոկտեմբերին տոմս է գնել, որ վերադառնա Հայաստան, սակայն օդանավակայանում ինքնազգացողությունը կրկին վատացել է և չի կարողացել նստել ինքնաթիռ:

Համաձայն նույն աղբյուրի՝ Մայրապետյանը պարբերաբար իրավապահ համակարգին ուղարկել է իր առողջական վիճակի հետ կապված փաստաթղթեր։ Բացառված չէ նաև Մայրապետյանի պաշտպանների դիմումը ՄԻԵԴ-ին՝ ստեղծված իրավիճակը ներկայացնելու համար։
 

Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի գործը


Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նաև բավարարել էր Քննչական կոմիտեի` դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալ ակտիվիստ Նարեկ Մութաֆյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին տեսնելիս Քոչարյանի պաշտպանության բողոքի ակցիաներից հայտնի ակտիվիստներ Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը  ֆեյսբուքյան ուղիղ եթերով դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել են, թե արդյո՞ք նա կա «վնգստացող դատավորների ցանկում»: Տեղի ունեցածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, և հարուցվել է քրեական գործ՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու մեղադրանքով։ Որոշ ժամանակ անց թե՛ Մութաֆյանը, թե՛ Օհանջանյանը ազատ են արձակվել։
 

Նարեկ Սամսոնյանի գործը


Դատավոր Արտուշ Գաբրիելյանին է մակագրվել և նրա վարույթում է գտնվում նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի դեմ հարուցված գործի քննությունը։

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով։ Ըստ առաջադրված մեղադրանքի` Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, ՀՀ վարչապետի նկատմամբ կատարել է սուտ մատնություն՝ նրան վերագրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարում (խոսքը հայտնի իկռայի պատմության մասին է):

Ինքը՝ Սամսոնյանը, անդրադառնալով դեպքին, նշել է. «Նախ, ՀՔԾ-ում ինձ կանչել են հարցաքննության որպես վկա, հարցաքննել են, հարցրել են՝ ինչ գիտեք այդ դեպքի վերաբերյալ, որի մասին գրել եք։ Նշեմ, որ այդ դեպքը հասել է AntiFake.am-ին մեր աղբյուրից, որը բացահայտելու որևէ նպատակ ոչ մենք ունեցել ենք, ոչ էլ որևէ բան մեզ կարող է ստիպել, որ մենք այդ աղբյուրը բացահայտենք։ Ես գրել եմ, որ եղած տեղեկատվությունից ավել ոչինչ չգիտեմ։ Հետո գրել եմ, որ ես ՀՔԾ-ին հրաժարվում եմ տալ որևէ տեղեկատվություն, որևէ հավելյալ ինֆորմացիա, որովհետև համարում եմ, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Հայաստանի Հանրապետության քաղաքական հետապնդումներով զբաղվող թիվ մեկ անձնավորությունն է։ Քննիչը հավաքել է իմ ցուցմունքը, վերջում, երբ քննիչը տվել է, որ ես կարդամ ցուցմունքը, տեսել եմ, որ խմբագրված է։ Այսինքն իմ ցուցմունքը քննիչը խմբագրել է։ Քննիչ Լեռնիկ Ստեփանյանը խմբագրել է իմ ցուցմունքը։ Ցուցմունքը գրված չէ իմ բառերով, ինչի համար ես չեմ կարող ստորագրել»։

Սամսոնյանն ընդգծել է, որ դրանից հետո ՀՔԾ-ն հայտարարություն է տարածել, որում ասում է, որ Սամսոնյանը չի պատասխանել քննիչի հարցերին. «Այսօր պարզվում է, որ ես տվել եմ ցուցմունք, որի հիման վրա իրենք սուտ մատնության գործ են կարել։ Սա դուրս է բանականության բոլոր սահմաններից։ Սա քաղաքական հետապնդում է»,- պարզաբանել է Սամսոնյանը։

«ՀՔԾ-ն, իր սովորության համաձայն, անօրինական գործելաոճը չի դավաճանում։ Կարող ենք միանշանակ պաշտոնական հայտարարություն անել, որ Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի, թեև հարգելի քննիչը ամեն կերպ փորձում էր իր գործողություններով կարգավիճակին բնորոշ գործողություններ կատարել: Մենք մեր առարկություններով, մեր հայտարարություններով ամբողջովին փաստեցինք, որ մեղադրանքի էություն, բնույթ և հիմքեր չպարզաբանելու պայմաններում մեղադրանք առաջադրելու դատավարական կարգը չի հաղթահարվել, հետևաբար նա որպես մեղադրյալ չէր կարող հարցաքննվել: Բնականաբար մենք նաև ինքնաբացարկ հայտնեցինք քննիչին, միառժամանակ մենք նաև հայտարարարությամբ հանդես եկանք, որ քննիչը պարտավոր է ինքնաբացարկի միջնորդությունը քննարկել, պաշտպանության իրավունքի խախտումը վերացնել, որից հետո հնարավոր լինի հաջորդական փուլին անցնել, քննիչը արհամարհեց և ոտնատակ տվեց հայոց քրեական դատավարության ամբողջ ընթացակարգը»,- ասել է Սամսոնյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը և հավելել. «ՀՔԾ-ում, ի դեմս քննիչ Լեռնիկ Ստեփանյանի, ես պարզ կարող եմ ասել, որ իրավաբանություն, օրենք գոյություն չունի: Ես ցավում եմ նման գործելաոճի համար և կարծում եմ` մեր իշխանությունները լուրջ անելիքներ ունեն ՀՔԾ-ում»։

Ավելի ուշ Գեորգի Մելիքյանը բացարկ է հայտնել քննիչին, իսկ Նարեկ Սամսոնյանը, անդրադառնալով դատավոր Արտուշ Գաբրիելյանին և իր դեմ հարուցված գործին, գրել է. «Արտուշ Գաբրիելյանին ՆՇԱՆԱԿԵԼ են իմ դեմ հարուցված քաղաքական գործով դատավոր: Իսկ թե ինչո՞ւ են հենց Արտուշ Գաբրիելյանին նշանակել և թե ինչ հեռահար ընտանեկան երազանք ունի Նիկոլ Փաշինյանը՝ կխոսեմ շուտով: Վստահեցնում եմ անհավանական (բոլոր կողմերից և տեսանկյուններից) և աննախադեպ դատավարություն է լինելու: Իսկ մինչ այդ կրկին հիշեցնեմ` խոսքի ազատության համար չազատազրկողի լավն ու բարին ..... !!! Հ.Գ. Մոտ օրերս փաստաբաններիս և իրավապաշտպանների հետ մեծ ասուլիս ենք հրավիրելու սույն քաղաքական հետապնդման վերաբերյալ: Բոլոր հարցերին կպատասխանեմ այդ ժամանակ...»։

Փաստենք, որ վերը թվարկված գործերի մակագրությունը նույն դատավորին միանշանակ չի ընդունվել ոլորտին քաջատեղյակ և փորձառու իրավապաշտպանների և փաստաբանների կողմից: Անգամ քննվող գործերով անցնող մեղադրյալներից շատերը այս ամենում ակնհայտ քաղաքական երանգներ են տեսել և բարձրաձայնել այդ մասին։
 


Փաշինյանի ընտանեկան թերթի ակնարկները Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ


Պետք է հատուկ ընդգծել, որ 2017թ. Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակում»  դատավոր Արտուշ Գաբրիելյանի և նրա կնոջ վերաբերյալ հետաքրքիր ակնարկներով հոդված է հրապարակվել:

Հոդվածում, մասնավորապես գրված է. «Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատարավոր Արտուշ Գաբրիելյանի կինը՝ Լիլիթ Գաբրիելյանը, տարիներ շարունակ կլորիկ գումարներ է նվեր ստացել: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Լիլիթ Գաբրիելյանը 2011 թվականին 15 հազար ԱՄՆ դոլար է նվեր ստացել, 2012 թվականին՝ 2000 ԱՄՆ դոլար, 2014 թվականին՝ 10 հազար ԱՄՆ դոլար:

Նշենք, որ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն` Արտուշ Գաբրիելյանը շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:   

Համաձայն համացանցում շրջանառվող տեղեկության՝ իր մատուցած ծառայությունների դիմաց Արտուշ Գաբրիելյանին մոտ օրերս նշանակելու են Արմավիրի մարզի դատարանի նախագահ: Այս մասին գրառում է կատարել հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը՝ նշելով, որ նշանակումը պայմանավորված է Արտուշ Գաբրիելյանի՝ Փաշինյանին մատուցած ծառայություններով։ 

Ստացվում է, որ նոր Հայաստանի ամենաաղմկահարույց քրեական գործերի մեծ մասը կամ քրեական գործերով միջանկյալ դատական որոշումների կայացումը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին, ով չի վայելում քաղաքացիների և իրավաբանական հանրույթի վստահությունը, քանի որ նրա կայացրած որոշումները բխում են բացառապես իշխանության շահերից և ունեն քաղաքական բնույթ։

«Երջանիկ» զուգադիպությու՞ն է այս ամենը, թե՞ իշխանության կողմից այս դատավորի ձեռքով կանխորոշված դատավճիռների կայացում, խամաճիկային դատարանի ու «վնգստացող» դատավորների սնուցում՝ որոշ գործերով արդեն իսկ ակնհայտ է, իսկ մյուս գործերով ցույց կտա ժամանակը:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն