(VIDEO) Փաշինյանը քաղաքացիական պատերազմ է հրահրում. «երկաթյա հեղափոխությա՞ն» է պատրաստվում

article-image

Նիկոլ Փաշինյանը, ինչպես 2018 թվականին իշխանության գալու, Երևանի ավագանու և նախորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում, այնպես էլ հիմա իր հռետորաբանությունը կառուցում է ատելության խոսքի, հասարակությանը պառակտելու, բաժանարար գծեր անցկացնելու վրա։ Այս վարքագիծը Փաշինյանը կրկնել է հունիսի 4-ին Արարատի մարզում տեղի ունեցած քարոզարշավի ընթացքում։

Այս մթնոլորտը կերտելու ջանքերը Փաշինյանը սկսել է 1990-ականներից, երբ նա ամենօրյա իր առաքելությունն էր դարձրել բանակին ու Վազգեն Սարգսյանին պախարակող հրապարակումներ անելը։ 2008թ.-ին Փաշինյանն իր թերթով գեներացրած ատելությունը գործնական դաշտ տեղափոխեց։ Բոլորը լսել ու հիշում են, թե ինչպես էր նա մեծ խանդավառությամբ հայտարարում, թե ինչպես է իր հոգին փառավորվել, երբ իմացել է, որ քաղաքացիները մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ոստիկանների ձեռքից վահաններ և մահակներ են խլել։

Իրադարձություններից 10 տարի անց Նիկոլ Փաշինյանն իր ատելության ու հասարակությունը պառակտող հռետորաբանությունը կրկին բերեց Հանրապետության հրապարակ, այնուհետև՝ իշխանության բարձր ամբիոններ։

Հասարակությանը սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու նախկինների բաժանելուց հետո՝ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո չխորշեց անգամ քաղաքացիական պատերազմի ակնարկներ անել. «Այդ տականքներին և բոլոր քաղաքացիներին, ովքեր հասկանում են, թե ինչի մասին է խոսքս, կոչ եմ անում պատրաստվել վրեժի, որովհետև, այո՛, մեր զինվորների վրեժը մենք դրանցից պետք է հանենք, մեր կորսված հայրենիքի վրեժը մենք դրանցից պետք է հանենք»:

«Ես Հայաստանի բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել, որ մենք գնալու ենք դրանց հետևից, այսօրվա դեբոշիրների հետևից հատ-հատ և իրենց շեֆերի հետևից»,- հայտարարել է Փաշինյանը։

Մեկ այլ ֆեյսբուքյան գրառմամբ էլ Փաշինյանը ասել է. «Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։

Հասարակության լայն շրջանակների ողջախոհության արդյունքում Հայաստանը կապիտուլյացիայի հասցրած և դավաճանության մեջ մեղադրվող Փաշինյանի բաղձանքը՝ քաղաքացիական պատերազմը, տեղի չունեցավ և Հայաստանի սահմաններում ու Արցախում թափված արյունը երկրի ներս չտեղափոխվեց։

Բայց Փաշինյանը կարծես թե չի հանգստացել. արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանգամանքը Փաշինյանը կրկին օգտագործում է ատելության հերթական չափաբաժինը իրեն սատարողներին ներարկելու համար։ Նա ամբիոններից թիրախավորում է իր քաղաքական հակառակորդներին, պատերազմում պարտության, քաղաքացիների սոցիալական խնդիրների, անգամ՝ զոհված զինծառայողների մարմինները ոչ պատշաճ պայմաններում պահելու մեղքը բարդում նրանց վրա։ Եվ սա այն պայմաններում, երբ ադրբեջանական զինված ուժերը արդեն 25 օր շարունակ ներխուժել են Հայաստանի Հանրապետության սահմաններ, գերեվարել են յոթ և սպանել մեկ հայ զինծառայողի, իսկ իշխանությունը և Փաշինյանի անմիջական ենթակայության ներքո գտնվող իրավասու գերատեսչությունները ոչինչ չեն անում զինված ադրբեջանցիներին երկրի սահմաններից դուրս վռնդելու համար։ Անգամ հայտարարությունների մակարդակում Փաշինյանը երբեք այնքան կոշտ ու ատելությամբ չի խոսում ադրբեջանական իշխանությունների հասցեին, որքան իր քաղաքական հակառակորդների հասցեին։

Դեռ նախընտրական քարոզարշավը չի մեկնարկել, սակայն Փաշինյանն արդեն իսկ ընտրել է քարոզարշավային իր կարգախոսներն ու դրանք տարածում է երևանյան և մարզային հանդիպումների ժամանակ։ Ատելության առաջնորդը կրկին տիրաժավորել է ատելության կարգախոսներ՝ «վերջ թավիշին», «երկաթյա մանդատ», «ջարդելու ենք ոհմակի ատամները» և այլն։

Երեկ էլ՝ Փաշինյանը, քաղաքացիական պատերազմի հերթական կոչն է արել և սպառնացել, որ իր առաջնորդությամբ ժողովուրդը լուծելու է ՀՀ քաղաքացիների մեկ այլ հատվածի հարցերը. «Այ, հենց հիմիկվանից մենք պետք ա արձանագրենք վերջ թավիշինը։ Էդ լակոտ-լուկուտները, որ մայթերում, փողոցներում ափռ-ցփռ դուրս են տալիս, այ դուք, մենք իրար հետ...»,- ասել է Փաշինյանն ու հայտարարել. «Հերիք եղավ, բոլ եղավ։ Ուրեմն սրանից հետո կամ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ որպես օրինապահ քաղաքացի, կամ էլ ա՜յ էդ ժամանակ Հայաստանի ժողովուրդը ինքը, ես էլ իրա հետ իմ առաջնորդությամբ կզբաղվենք ձեզանով»։

Արձանագրենք նորից, Փաշինյանը սա ասում է ոչ թե Հայաստանի Հանրապետության սահմաններ ներխուժած, հայ զինծառայողներ գերեվարած ու սպանած, հայ հովիվներին ու սահմանամերձ բնակչությանը սպառնալիքների ներքո պահող զինված ադրբեջանցիներին, այլ իր քաղաքական հակառակորդներին։

Վերջին հարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանի վարկանիշը արագորեն գահավիժում է, նրա քաղաքական թիվ մեկ հակառակորդինը՝ բարձրանում։ Ընտրությունների արդյունքները կարծես Փաշինյանի համար բացասական առումով կանխատեսելի են դառնում։ Ինչու՞ է Փաշինյանը ատելության հերթական չափաբաժինը ներարկում իր համակիրներին, և ի՞նչ է տալու ատելությամբ գերդոզավորված ամբոխը Փաշինյանին. հետընտրական արյունալի զարգացումներ ու բաղձալի «երկաթյա հեղափոխությու՞ն»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն