Հանրային հեռարձակողի խորհրդի երեք անդամներ դեմ են եղել ՄԻՊ-ի ու ԶԼՄ-ների վրա «մատ թափ տվող» հայտարարությանը. AntiFake.am-ը ներկայացնում է դիրքորոշումները

article-image

Հունիսի 2-ին Հանրային հեռարձակողի խորհրդի անունից հայտարարություն է տարածվել՝ Հանրային հեռուստաընկերության կողմից Տիգրանաշենի ադրբեջանական լինելու մասին ռեպորտաժի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի դատապարտող հայտարարության կապակցությամբ։

Խորհրդի հայտարարության մեջ ասվում է, թե Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով վերը նշված ռեպորտաժի բովանդակությանը, գերազանցել է իր լիազորությունները և միջամտել Հանրային հեռուստաընկերության գործունեությանը։

Նույն հայտարարության մեջ նաև որակումներ են տրվում այն լրատվամիջոցներին, որոնք անդրադարձել են Հանրային հեռուստաընկերության՝ Տիգրանաշենի վերաբերյալ ադրբեջանական քարոզչական նյութ հիշեցնող ռեպորտաժին։

AntiFake.am-ի տեղեկություններով՝ հայտարարությունը, որը տարածվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անունից, իրականում չի ստորագրվել խորհրդի բոլոր անդամների կողմից։ Պարզելու համար, թե խորհրդի որ անդամներն են դեմ եղել Մարդու իրավունքների պաշտպանի ու լրատվամիջոցների վրա «մատ թափ տվող» հայտարարությանը, AntiFake.am-ը օրվա ընթացքում կապ է հաստատել Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և անդամների հետ։

Մեզ հետ զրույցում խորհրդի նախագահ Արա Շիրինյանը հայտնեց, որ չի կարող խոսել իր կամ խորհրդի մյուս անդամների՝ հայտարարության առնչությամբ ունեցած դիրքորոշման մասին. «Դա մեր ներքին գործն է»,- ասաց Շիրինյանը։

 

Խորհրդի անդամ Նարա Շլեպչյանն էլ AntiFake.am-ին ասաց, որ իրենք գտել են, որ Մարդու իրավունքերի պաշտպանը չպետք է զբաղվի հեռուստատեսության եթերով, «Թող զբաղվեն մարդու իրավունքներով»,- ասաց Շլեպչյանն ու հատուկ շեշտեց. «Բոլորը նույն կարծիքին են, բոլորը»։

 

Չնայած Նարա Շլեպչյանի հավաստիացումներին, որ հայտարարության առնչությամբ խորհրդի անդամները հակադիր դիրքորոշումներ չեն ունեցել, և բոլորը նույն կարծիքն են ունեցել՝ այնուամենայնիվ, պարզվում է, որ հայտարարությունը ստորագրել է խորհրդի կազմի յոթ անդամներից ընդամենը 4-ը, իսկ մյուս երեքը՝ Մերուժան Տեր-Գուլանյանը, Արամ Սուքիասյանը և Լևոն Գալստյանը չեն միացել հայտարարության տեքստին։

Մերուժան Տեր-Գուլանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը հեռավար է միացել նիստին և դեմ է արտահայտվել հայտարարության տեքստին։ «Արման Թաթոյանի հասցեին մատ թափ տալու կարիքը չկար, մարդ, ով իր գործն անում է հրաշալի»,- ասաց Տեր-Գուլանյանը և հաստատեց մեր այն տեղեկությունը, որ հայտարարությանը խորհրդի երեք անդամներ դեմ են քվեարկել։

 

Խորհրդի անդամներից Լևոն Գալստյանն էլ մեզ հետ զրույցում հաստատեց, որ ինքը նույնպես դեմ է եղել Հանրային հեռարձակողի խորհրդի հայտարարությանը։

«Ես իմ անհամաձայնությունն եմ հայտնել սույն հայտարարության վերաբերյալ, որը նախապես ուղարկվել էր ինձ:

Իմ համոզմամբ՝ հայտարարության մեջ պետք էր ընդամենը ափսոսանք հայտնել ռեպորտաժի բովանդակության թյուրըմբռնման համար: Այդքա՛նը»,- նշել է Գալստյանը։

 

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ, նախկին իմքայլական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ Վահագն Թևոսյանը հրաժարվեց լսել մեր հարցը. «AntiFake.am-ի հետ չեմ զրուցում, անձնական չընդունեք»,- ասաց լրատվության ոլորտում կարևոր կառույց ներկայացնող պաշտոնյան։

 

Խորհրդի անդամներից Վահրամ Մարտիրոսյանն էլ հարցը լսելուց հետո, խոստացավ պատասխանել վաղը։ Այն ստանալուն պես Մարտիրոսյանի դիրքորոշումը կներկայացնենք մեր ընթերցողին։

 

Մեզ ցավոք չհաջողվեց կապ հաստատել միայն Արամ Սուքիասյանի հետ, որը խորհրդի հայտարարությանը դեմ քվեարկած անդամներից մեկն է։

 

Փաստորեն, Հանրային հեռարձակողի խորհրդի երեք անդամներ դեմ են եղել Հանրային հեռուստաընկերության պատրաստած Տիգրանաշենի ադրբեջանական լինելու մասին ռեպորտաժի վերաբերյալ ՄԻՊ-ի ու ԶԼՄ-ների դատապարտող անդրադարձերի կապակցությամբ նրանց վրա «մատ թափ տվող» հայտարարությանը։

Նշենք, որ խորհրդի հայտարարության առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մանրամասն արձագանքել է.

«Հանրային հեռարձակողի խորհրդի՝ որպես պետական հաստատության խիստ մտահոգիչ հայտարարությունը միանգամայն փոխում է կանխավարկածն այն ուղղությամբ, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման վտանգավոր շեշտադրումներով նշված ռեպորտաժն իրականում հատուկ ծրագրային քաղաքականություն է կամ դրա մասը:

Ավելին, այդ կանխավարկածն առավել ամրապնդվում է վերջին շրջանում այն պաշտոնյաների անպատասխանատու հայտարարությունների ֆոնին, որոնք բացահայտ հակասում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին ու վտանգում նրանց անվտանգությունը»,- ասված է ՄԻՊ-ի հայտարարության մեջ։

ՄԻՊ-ը ապացույցներ է ներկայացրել նաև այն մասին, թե ինչպես են ադրբեջանական քարոզչական կայքերը հղում անում Հանրային հեռուստաընկերության՝ Տիգրանաշենը որպես ադրբեջանական «անկլավ» ներկայացնող ռեպորտաժին և այն ներկայացնում որպես Հայաստանի պաշտոնական դիրքորոշում։

Այս առնչությամբ ՄԻՊ-ը հարցադրումներ է ուղղել Հանրային հեռարձակողի խորհրդին, որոնցից մեկն այն է, թե՝ արդյոք ռեպորտաժում մտադրված է Տիգրանաշենը ներկայացվում «ադրբեջանական անկլավ» կամ այլ կերպ՝ «ադրբեջանական տարածք», և արդյոք դա ծրագրային քաղաքականություն է այն պայմաններում, երբ Տիգրանաշենն անկլավի կարգավիճակ չի էլ ունեցել. այն պատմական հայկական գյուղ է:

ՄԻՊ-ը նաև փաստեր է ներկայացրել այն մասին, թե ինչով է նշված ռեպորտաժը վտանգավոր Հայաստանի սահամանամերձ բնակավայրերի և, առհասարակ, հանրապետության քաղաքացիների իրավունքների և շահերի տեսանկյունից։

Հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ը մայիսի 30-ին ռեպորտաժ էր թողարկել՝ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Արարատի մարզում գտնվող հայկական գյուղերից մեկը՝ Տիգրանաշենը ներկայացնելով որպես ադրբեջանական «անկլավ»։

AntiFake.amանդրադարձել էր ռեպորտաժին՝ նշելով, որ Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է իշխանությունների կողմից տարվող հակահայկական և պրոադրբեջանական քարոզչությունը։

Փաստորեն այս գիծն են բռնել նաև Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներից մի քանիսը՝ ոմանք նկատի ունենալով իրենց քաղաքական թիմի որդեգրած քաղաքականությունը, ոմանք էլ կա՛մ տուրք տալով իշխանական քմահաճույքներին, կա՛մ չհասկանալով նշված ռեպորտաժում հնչեցված թեզերի՝ Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերի և ՀՀ քաղաքացիների իրավունքների համար վտանգավորության աստիճանը։

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն